Լիլիթ Գալստյան. Նամակով դիմել եմ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Օրերս հրապարակեց քաղաքական վերլուծաբան, «Կալիֆորնիան կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի «Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ» հոդվածը, ուր հեղինակն անդրադառնում է ականավոր ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վահագն Տատրյանի Հայաստանում հուղարկավորության հանգամանքներին, գիտնականի հիշատակի նկատմամբ արգահատելի վերաբերմունքին։
Ըստ էության, նշանավոր ցեղասպանագետ, Մ․ Խորենացի, Սրբ Սահակ և Մաշտոց մեդալադիր Վ․ Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու համար 2019-ին Կառավարության որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով։
Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է լքվածության և անտերության մեջ, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է եղել գտնել գերեզմանը։
Բնականաբար, այսպիսի հանցավոր վերաբերմունքը հարված է թե ականավոր գիտնականի հիշատակին, թե գիտամշակութային աշխարհին, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։
Նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկվելու ակնկալիքով։
Շատ դժվարությամբ զսպելոց վրդովմունքս, զերծ կմնամ գնահատականներից և կսպասեմ պատասխանի»։