Վերջին շանսն ենք տալիս Արթուր Դավթյանին, որ ձերբակալի Փաշինյանին և փրկի իր պատիվը. զոհվածի մայր
ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
«Մեր պահանջը նույնն է, ինչ 4 ամիս առաջ՝ ապրիլին։ Նիկոլ Փաշինյանի տխրչահռչակ հայտարարությունից հետո, թե մենք կարող էինք ունենալ նույն վիճակն առանց զոհերի, մենք բողոք ներկայացրինք դատախազություն միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Այսօր մենք նորից այստեղ ենք նույն պահանջով»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ նրա որդուն և ծառայակից ընկերներին միայն պատերազմի ավարտից մեկ տարի մեկ ամիս անց հուղարկավորեցին։
Նաիրա Մելիքյանը նշեց, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մոտ օրերս և ուզում են նրան վերջին շանս տալ՝ փրկելու իր և իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չգրվի նրա և իր սերունդների ճակատին:
«Նա վերջապես պետք է կայացնի այդ կարևոր որոշումը՝ դրանով կասեցնելով մեր պետության շարունակական կազմաքանդումը: Նա այդ որոշումը կարող էր կայացնել դեռևս 4 ամիս առաջ և մենք շատ արհավիրքներից խուսափած կլինեինք։ Ցավոք դա տեղի չի ունեցել, բայց այս ակցիայի նպատակն է Արթուր Դավթյանին տալ վերջին հնարավորությունը»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե արդյոք Արթուր Դավթյանը կունենա քաղաքական ու իրավական համարձակություն, որ ձերբակալի Նիկոլ Փաշինյանին, Նաիրա Մելիքյանը պատասխանեց. «Քաղաքականը չգիտեմ, բայց իրավական առումով բոլոր հիմքերն ունի։ Բոլոր ուժային կառույցներն էլ փաստերի պակաս չունեն։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել այսօրվա ղեկավարների համար, որ եթե կարծում են` հեռանալու են պաշտոնից և ազատվելու են պատասխանատվությունից, ապա սխալվում են»:
Պատասխանելով հարցին, թե ակցիայից առաջ ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, արդյոք դրանով չեն փորձում հանգստացնել ծնողներին, որ չպահանջեն Փաշինյանի հրաժարականը, Նաիրա Մելիքյանը նշեց` չի կարող ասել, որ սա միտված էր հերթական անգամ վախեցնելու հանրությանը կամ ուշադրությունը շեղել, քանի որ այստեղ տարբեր գործոններ կարող են լինել:
«Մենք գիտենք այս իշխանության ձեռագիրը, նաև լռեցնելու այն մարդկանց, որոնք պատրաստ են խոսել, կանգնել իրենց հայրենիքի պաշտպանության համար: Եւ այո, սա միտված է նրան, որ մեր ժողովրդին թմբիրի, վախի մթնոլորտի մեջ պահելով շարունակեն իրենց իշխանազավթումը և հանձնեn մեր երկիրը»:
Լրագրողներն անդրադարձան նաև նրա հարցազրույցներից մեկ ժամանակ արտահայտած այն մտքին,թե ցանկանում է Նիկոլ Փաշինյանին տեսնել ադրբեջանական բանտում, Նարիա Մելիքյանը մեկ անգամ ևս նշեց, որ դա իր թիվ մեկ ցանկությունն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին