Չալաբյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը կեսօրին
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանը, լսելով կողմերին, ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 31-ին ժամը 12.00-ին։
Չալաբյանի պաշտպանները նիստում հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշումը պատճառաբանված չէ, իրենց բողոքը հիմնավոր է։
«Գործում չկան այնպիսի փաստական հանգամանքներ, որ թույլ կտան դատարանին անփոփոխ թողել ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումը, ըստ որի, մնալով ազատության մեջ պարոն Չալաբյանը կարող է խոչընդոտել քննությանը։ Սա ենթադրություն է առանց որևէ հիմքի»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 3-ին որոշել է կալանավորել Ավետիք Չալաբյանին։
Ընդ որում, մեղադրող դատախազը դատական նիստի ընթացքում միջնորդել էր գրավ կիրառել Չալաբյանի նկատմամբ՝ գտնելով, որ գրավը կարող է զսպել ոչ պատշաճ վարքագիծը։
Նախորդ դատալան նիստում մեղադրող կողմն ասաց՝ դեռ օգոստոսի 23-ին դատախազությունն արտահայտել է իր դիրքորոշումը Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ, մեղադրանքի կողմի դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել։
«Դատախազությունը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը կամ անձնական երաշխավորությունը կարող են ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը»,-ասել էր դատախազը։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանի պաշտպան. Հարգելի դատարան, ուզում եմ, որ դուք պատկերացնեք մեր իրավիճակն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում Ձեր իրավիճակը
- Դատախազությունը դեմ չէ, որ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվի. Նիստը հետաձգվեց
- Վերաքննիչ քրեական դատարանն Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննի բանավոր
- Կալանավորված Ավետիք Չալաբյանի ուղերձն ընթերցեց կինը
- Սա դատավարություն է Փաշինյանն ընդդեմ Չալաբյանի, Էմմա Սարգսյանի վրայից հանեք մեղադրանքը. Ավետիք Չալաբյան