Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից
Այս տարի լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից:
Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը:
«Նման կարևոր կառույցի հոբելյանական թատերաշրջանի բացումը մարզում վկայում է մշակութային կյանքի ապակենտրոնացման մասին: Եվ այս համատեքստում սա սոսկ հյուրախաղ չէ, այլ պետական քաղաքականության դրսևորում և ուղերձ հանրությանը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից, իրավունք ունի հարաբերակից լինելու մշակութային կյանքին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Ըստ փոխնախարարի՝ սա պատմական իրադարձություն է մեր մշակութային կյանքում. ավելի քան 150 աշխատակից լինելու է Վանաձորում: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին Վանաձորում. Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ինչպես դիրիժոր Կարեն Դուրգարյանն է ներկայացրել, օպերան Վանաձորում բեմադրելու միտքը ծնվել է պարզ զրույցից:
«Վստահ եմ՝ վանաձորցի հանդիսատեսը ուրախ կլինի տեսնել մեծ լոռեցու՝ համայն հայության Թումանյանի ստեղծագործությունը օպերային բեմադրությամբ»,- ասել է նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Մյուս ներկայացումը կկայանա սեպտեմբերի 3-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում. կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը:
Կարեն Դուրգարյանն իրազեկել է՝ հոբելյանական միջոցառումները նախատեսված են ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս: Այս թատերաշրջանում լինելու են հայ կոմպոզիտորների պրեմիերաներ. հրավիրված ռեժիսորներն ու բալետմաստերները նոր ներկայացումներ կբեմադրեն: