2022թ.-ին ստերջացված էգ շունը երեք ձագի հետ շրջում է Երևանի փողոցներում
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը զբաղվում է թափառող կենդանիների ստերջացմամբ»: Այս նախադասությունով է սկսվում Երևանի քաղաքապետարանի համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
ՀՈԱԿ-ի գործունեությանը ծանոթանալու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում երկու շաբաթ առաջ բնադրվեց մի շուն՝ երեք հատ 3-5 ամսական ձագերի հետ:
Շների ընտանիքի հայտնվելը հետաքրքրական էր երկու առումով: Առաջին՝ արդեն 4 տարուց ավել Երևանում իրականացվող թափառող շների ստերջացման ծրագրի մեկնարկից հետո մայրաքաղաքի փողոցներում հազվադեպ կարելի է հանդիպել շների ձագերի, իսկ այս դեպքում՝ 4 առանձնյակից բաղկացած ընտանիք էր բնադրվել: Մայրն իր ձագերի հետ այդ շենքի բակում էր մնացել, քանի որ տեղի բնակիչները հետևողականորեն կերակրում են բակում ապրող ստերջացված ևս 6 շան և անտարբեր չէին կարող անցնել նաև ձագերով մոր նկատմամբ:
Շան ընտանիքին անդրադառնալու երկրորդ պատճառն այն է, որ ձագերի մայրը, դատելով ականջին դակած կարմիր կլիպսից, ստերջացված էր:
Բնական հարց է ծագում՝ եթե ստերջացված շունը ձագ է ունենում, ուրեմն ստերջացումն որակով չի արվել, կամ ընդհանրապես չի արվել, կամ եթե մայր շանը ստերջացրել են ձագեր ունենալուց հետո, ապա ինչո՞ւ ձագերին չեն ստրեջացրել, որոնց ականջներին կլիպսեր չկային:
Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը կապ հաստատեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի հետ:
Վերջինս հայտնեց, որ ամեն տարի ստերջացված կենդանու ականջին դակվում է համապատասխան գույնի կլիպս:
«Այն արվում է նրա համար, որ մեկ տարին լրանալուց հետո կենդանուն վերապատվաստման խնդիր է առաջանում, մենք պետք է իմանանք, թե որ կենդանին ե՞րբ է պատվաստվել և վերապատվաստման ժամանա՞կն է, թե ոչ»,-պատասխանեց Հարություն Առաքելյանը:
Ի պատասխան մեր հարցին՝ նա հաստատեց, որ կարմիր կլիպսերը 2022 թվականին ստերջացված կենդանիների ականջներին են դակում, սակայն հրաժարվեց պատասխանել Panorama.am-ի մյուս հարցերին՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն:
Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանն ընդունեց Panorama.am-ի հարցաշարը, որով ցանկանում էինք պարզել, թե նոր ձագեր ունեցած մորը ստերջացնո՞ւմ են, թե ոչ: Եթե այո, ապա ձագերին ստերջացնո՞ւմ են և ո՞ր ամսականից: Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք արձանագրվե՞լ են դեպքեր, երբ ստերջացված էգ շունը նորից ձագեր ունենա և մեկ կենդանու ստերջացման մոտավոր արժեքն որքա՞ն է:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը Լևոն Սարդարյանի միջոցով Panorama.am-ին փոխանցեց պատասխանը, որում ասվում էր.
«1. Նոր ձագեր ունեցած կենդանու ստերջացման վերաբերյալ հակացուցում չկա և եթե կենդանին տեղափոխվել է ՀՈԱԿ կլինիկա, ապա ստերջացվում է:
2. Ստերջացումից հետո կենդանիները չեն կարող ձագեր ունենալ և նման դեպք չի արձանագրվել:
3. Կախված կենդանուց և նրան բռնելու ու հետազոտելու վրա ծախսված ռեսուրսի, մեկ կենդանու արժեքը փոփոխական է»:
ՀՈԱԿ-ից չպատասխանեցին, թե ձագերը քանի՞ ամսականից են ստերջացվում, իսկ հիշատակված շան ընտանիքի ձագերն բավական մեծ են և շուտով առանձին են ապրելու: Ի պատասխան մեր ճշտող հարցին՝ Լևոն Սարդարյանը բանավոր փոխանցեց, որ ձագերի ստերջացումը և կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը իրականացվում է 4-5 ամսականից:
Բաց մնաց հարցը, թե ինչպե՞ս է այս տարի ստերջացված էգ շունը երեք ձագերով շրջում Երևանի փողոցներում:
Հ.Գ. Հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ անց Panorama.am զանգահարեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը և իր տարակուսանքը հայտնեց, որ նյութի գլխավոր հարցը գրավոր չենք ուղղել իրեն, որի պատասխանը ունի:
ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ մայր շունը կենտրոն ստերջացման է տեղափոխվել արդեն ձագերի հետ, իսկ վերջիններս ստերջացված չեն, քանի որ այդ ժամանակ դեռ փոքր են եղել;
Մնում է մեր կողմից էլ միայն ավելացնենք, որ հարցազրույցի հարցերն նախնական էինք ուղարկել Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչություն՝ դրանց շրջանակում հարցազրույց անցկացնելու ակնկալիքով, որի ժամանակ էլ տրվելու էր վերոնշյալ հարցը: Դրանից հետո կապ էինք հաստատելՀարություն Առաքելյանի հետ, որն փոխանցել էր, որ կպատասխանի հարցերը ստանալուն պես, սակայն ստացել էինք հարցերի գրավոր պատասխանը, որոնց հիման վրա էլ պատրաստվել է նյութը:
Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները