Օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր հայաստանցին ստացավ վկայականը
Սքայբոլ ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանին երեկ հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվեց օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդ սահմանելու վերաբերյալ վկայական։ Այն տրամադրում է Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան։
Փետրվարի 16-17-ին Սքայբոլ ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի կողմից իրականացվել է օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ թռիչք:
Վերջինս ներկայացվել էր Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիային՝ որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար:
Մի քանի ամիս տևած դիտարկումներից հետո Ֆեդերացիայի կողմից տրվել է դրական եզրակացություն, և առաջին անգամ Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան գրանցել է Հայաստանի կողմից իրականացված համաշխարհային ռեկորդ:
Թռիչքից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում Նաիրի Բարսեղյանը պատմել է թռիչքի ընթացքում առաջացած դժվարություններից ու խնդիրներից։
«Սկզբում քամին բավականին թույլ էր, շատ դանդաղ էինք շարժվում՝ 1-2 կմ/ժ արագությամբ, բայց վայրէջքի պահին բավականին ուժեղ քամի եղավ, սպորտային վայրէջք ենք ունեցել: Ընթացքում գազի դատարկ բալոնի հետ պատահաբար կտրել ու ներքև ենք ուղարկել լիքը լցվածը։ Մինչդեռ գազի ծավալը՝ անգամ 1-2 լիտրը շատ կարևոր էր։ Ընդհանուր ունեցել ենք 2300 լիտր գազ։ Սկզբում մտածում էինք դադարեցնել թռիչքը, որովհետև մտածում էինք՝ անհնար էր ռեկորդը սահմանել։ Միակ տարբերակն այն էր, որ ամբողջ գիշեր պետք է ցածր թռնեինք»։
Նախորդ ռեկորդային թռիչքը տևել էր 32 ժամ 12 րոպե։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում