Չալաբյանի պաշտպան. Հարգելի դատարան, ուզում եմ, որ դուք պատկերացնեք մեր իրավիճակն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում Ձեր իրավիճակը
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Դատական նիստին մասնակցում է նաև ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող Ավետիք Չալաբյանը։
Պաշտպան Վարազդատ Հարությունյանը կարճ ելույթի հնարավորություն խնդրեց, ասաց՝ մայիսի 12-ից ի վեր, երբ քրեական հետապնդում է սկսել Ավետիք Չալաբյանի նկատմամբ, ԶԼՄ-ներում գործի վերաբերյալ եղել է ավելիք քան 8300 հրապարակում։
Հարությունյանը նշեց՝ լրագրողներին հետաքրքրում է, թե ինչու է Չալաբյանը պահվում անազատության մեջ, հարցի պատասխանը պետք է տրվեր կայացած դատական ակտերի հիման վրա։
«Մենք չենք կարողանում պատասխանել այդ հարցին, որովհետև մենք առ այսօր չունեցանք գեթ մեկ դատական ակտ, որում կլինեն պատճառաբանություններ։ Երբ մենք ասում ենք՝ քաղաքական հետապնդում է, պաշտպաններս դրա մեջ բացառապես իրավական բովանդակություն ենք տեսնում»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ այս գործում փաստական հանգամանքները բացակայում են։
Հիշեցնենք, որ դատավոր Մ. Մարտիրսոյանը որոշման մեջ գրել էր՝ առկա է բարձր հավանականություն, որ Չալաբյանը կխոչընդոտի գործի քննությանը։
«Դատարանը չի ներկայացրել փաստեր։ Դատարանը եթե ծանոթանա գործի նյութերին, ապա կտեսնի, որ Չալաբյանը չի արել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խոչընդոտել գործի քննությանը, այլ արել է ճիշտ հակառակը»,-ասաց պաշտպանը։
Նա հիշեցրեց, որ Չալաբյանը հասարակական գործիչ է, ունի չորս երեխա, երեխաներից մեկն ունի որոշակի առողջական խնդիրներ, ծնողներից մեկը բարդ վիրահատության է ենթարկվել, նա իրականացրել է կրթական ու բարեգործական, ի նպաստ Հայաստանի ծրագրեր։
«Հարգելի դատարան, ուզում եմ, որ դուք պատկերացնեք մեր իրավիճակն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում Ձեր իրավիճակը։ Մենք վերաքննիչ դատարան եկել ենք օրենքով սահմանված երաշխիքների հետևից, լիահույս ենք, որ դատարանն այդ ամենը գնահատելու է այդ երաշխիքների համատեքստում, որոնց ուժով Չալաբյանը կկարողանա իր նկատմամբ հարուցված գործի դատավարությանը մասնակցել ազատության մեջ»,-ասաց Հարությունյանը։
Նախորդ նիստում մեղադրող կողմն ասաց՝ դեռ օգոստոսի 23-ին դատախազությունն արտահայտել է իր դիրքորոշումը Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ, մեղադրանքի կողմի դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել։
«Դատախազությունը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը կամ անձնական երաշխավարությունը կարող են ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը»,-ասել էր դատախազը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը դեմ չէ, որ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվի. Նիստը հետաձգվեց
- Վերաքննիչ քրեական դատարանն Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննի բանավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան