«Թշնամու կողմն անցնելու և լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանություն կատարելու համար»
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:
«Քրեական վարույթներով ձեռնակրված վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն և Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի.Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ.Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ:
Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով:
Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի և Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ:
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ դատածազության տարածած հաղորդագրությունով։