Ենթադրում եմ, որ ՄԱԿ-ի հայանպաստ զեկույցը ՀՀ ներկայիս իշխանությունները չեն օգտագործի Ադրբեջանի դեմ. Անժելա Էլիբեգովա
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD) օգոստոսի 30-ի ուշ երեկոյան հրապարակել է Ադրբեջանի 10-12-րդ զեկույցների վերաբերյալ իր եզրակացությունը: Փաստաթղթով կոմիտեն միանշանակ ձևակերպումներով դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և հայատյաց պետական քաղաքականությունը:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, ի պատասխան զեկույցում տեղ գտած հիմնական շեշտադրումների մասին Panorama.am-ի հարցին, ասաց.
«Զեկույցում ներառված են Ադրբեջանի տարբեր ոլորտներում հայատյացության բազմաթիվ դրսևորումներ՝ սկսած ռազմական հանցագործություններից, վերջացրած պաշտոնական հայտարարություններում կամ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մանկական գրականության և դասագրքերի մեջ հայատյացության դրսևորւմների օրինակներով:
Տարբեր ոչ պետական կազմակերպությունները, ՀԿ-ներ են հայկական կողմից նախապատրաստել զեկույցի վերաբերյալ իրենց ընթացիկ զեկույցները և ներկայացրել ՄԱԿ-ի CERD-ի հանձնաժողով՝ խնդրելով դրանք հաշվի առնել և ներառել հիմնական զեկույցի մեջ:
Դասագրքերի և մանկական գրականության մասով ես և փորձագետ Արմինե Ադիբեկյանն էինք զեկուց պատրաստել՝ ադրբեջանական դասագրքերից ներկայացնելով կոնկրետ օրինակենր այն մասին, թե ինչպես է հայատյացությունը Ադրբեջանում որպես պաշտոնական քաղաքականություն մանկահասակ երեխաների հոգեբանության վրա ներազդելով կիրառվում և ինչպես են այնտեղ սերունդ դաստիարակում»:
Panorama.am-ը Անժելա էլիբեգովային խնդրեց գնահատել հրապարակված եզրակացությունը որպես հայկական դիվանագիտության և ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու հնարավորությունները:
«Նման զեկույցներն, իհարկե, շատ կարևոր են միջազգային դատարաններ դիմելու դեպքում, բայց ես վստահ չեմ, որ այսօր մեր պետությունն այդ լծակը պատրաստ է օգտագործել, առավել ևս, որ պետության կողմից որևէ աջակցություն այս հարցում մենք չենք ունեցել և ինքնուրույն ենք գործել՝ զուտ մեր զեկույցի մասով: Այնուամենայնիվ, այս գործիքն հավելյալ լծակ է Ադրբեջանի դեմ միջազգային կառույցներում, որն այսօր, այո, ունենք: Ներկա իշխանությունների օրոք կկիրառվի՞ այն պետության կողմից, թե ոչ՝ ենթադրում եմ, որ ոչ»,-պատասխանեց ադրբեջանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
- Ռազմական փորձագետ. ՄԱԿ-ի զեկույցը ցույց տվեց` միջազգային հանրությունը աչք չի փակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին