Միխայիլ Գորբաչովը կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը, կնոջ կողքին
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին շրջանում հիմնականում գտնվում էր բուժհաստատությունում, նա ստացել է պալիատիվ օգնություն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին 91 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը։
Նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը, կնոջ կողքին, ինչպես նա ցանկացել է։
Նա 1971-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1980-1991 թթ.-ին՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1985 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ պլենումում ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, իսկ 1988 թվականի հոկտեմբերի 1-ից զբաղեցրել է նաև Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը։
1990 թվականին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ երրորդ համագումարում Գորբաչովն ընտրվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին նա հրաժարական տվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-H բանաձևը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին
Հարակից հրապարակումներ`
- Գորբաչովը կարծում է, որ ԽՍՀՄ-ը կարելի էր փրկել՝ ստեղծելով ինքնիշխան պետությունների միություն
- Գորբաչով․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատները վաղուց են, այն պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի այժմ
- Միխայիլ Գորբաչովն այսօր 90-ամյակը նշելու է Zoom-ով
- Գորբաչով․ Արցախի հիմնախնդրին անհրաժեշտ է լուծում գտնել՝ առանց հաղթողների և պարտվողների