
Լավրով. Երևանը, Բաքուն և Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հարավային Կովկասում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը քննարկում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ: Ի դեպ օրերս կայացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հերթական շփումները։
Երեք նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ստեղծված այս եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ՝ դրանք կավարտվեն շատ մոտ ապագայում։ Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի հետ, ներառյալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը, որում հետաքրքրված են նաև մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին