Մարիա Զախարովա. Հարավային Կովկասում ԵՄ ակտիվությունը նման է միջնորդության դափնիների յուրացման անշնորհք փորձի
Փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Ռուսաստանը շարունակում է Երևանի ու Բաքվի հետ առարկայական աշխատանք Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում։
«Աշխատանքային խմբի շրջանակներում նախատեսվում է համաձայնեցնել կոնկրետ երթուղիների փաթեթային լուծումը, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ հարգանքի սկզբունքի վրա և կաշխատի ի նպաստ Հարավային Կովկասի անվտանգության և տնտեսական բարեկեցության»,- ասել է նա։
Անդրադառնալով Բրյուսելում այսօր ԵԽ նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ Զախարովան ասել է.
«Ռուսաստանը Երևանի ու Բաքվի հետ կենտրոնացած է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների բարձր մակարդակով իրականացման ուղղությամբ։ Դրանք չեմ թվարկի, գիտեք»։
Նրա խոսքով, եռակողմ ձևաչափում աշխատանքներն անշեղորեն առաջ են ընթանում, օգոստոսի 30-ին Մոսկվայում ՌԴ խորհրդատվական աջակցությամբ կայացել է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի հարցով։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի միջնորդությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին տեղեկություններին, ապա այդ մասին որևէ տեղեկություն չենք ստացել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներից։ Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով, դա ընդհանրապես կապ չունի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Դրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա։ Մենք՝ որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը տալիս է կոնկրետ արդյունքներ և ըստ այդմ գնահատվում է կողմերի կողմից։
Իսկ նրանք, ովքեր, միջնորդ չլինելով, միջնորդ են ձևանում, ուղղակի, ըստ երևույթին, ոչինչ չեն կարողանում առաջարկել, բայց ուզում են ինչ-որ կերպ ցույց տալ իրենց ներգրավվածությունը։ Ընդհանրապես, Եվրամիութենական Բրյուսելը մեծապես կորցրել է դիվանագիտական հմտությունները»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Երեկոյան սպասենք հերթական պարտվողական հաղորդագրությանը
- Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
- «Փաստ». Բրյուսելյան եռակողմ հանդիպումը դրական բան չի բերելու. Թևան Պողոսյան
- Ստեփան Դանիելյան. Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից
- Ադրբեջանի հույսերը Բրյուսելի հանդիպումից
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում