Ուսումնական տարվան ընդառաջ անհրաժեշտ է լինել առավել զգոն և հետևել հակահամաճարակային կանոններին. ՀՎԿ ազգային կենտրոն
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուսումնական տարվան ընդառաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը գերազանցում է 1-ը, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:
Ուսումնական տարվան ընդառաջ, երբ շատանում են մարդկային շփումները, կուտակումները, կազմակերպվում են զանգվածային միջոցառումներ, հասարակական տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված և սոցիալական հեռավորություն պահպանելը գրեթե անհնար է, վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտ է լինել առավել զգոն և հետևել հակահամաճարակային կանոններին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված կանոնները.
-պահպանել սոցիալական հեռավորություն,
- կրել դիմակ,
- հաճախակի օճառով լվանալ ձեռքերը, իսկ անհնարինության դեպքում ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
- պատվաստվել COVID-19-ի դեմ՝ այդ թվում նաև բուստեր դեղաչափով,
- կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների նպատակով:
⚠️ Դպրոցներում ⤵️
- մեծացնել նստարանների միջև հեռավորությունը,
- բացահայտել և մեկուսացնել սուր շնչառական վարակի ախտանշաններով անձանց (աշակերտներին և ուսուցիչներին),
- ախտահանել աշխատատեղերն ու դասասենյակները,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները»:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք. մահացել է 7 մարդ
- Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չեն. ՍԱՏՄ
- Հակահամաճարակային սահմանափակումները դպրոցներում և մանկապարտեզներում մեղմացվել են
- Կորոնավիրուսային հակահամաճարակային միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց