Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով նիստը հետաձգվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ գործով հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15։50-ին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Աջափնյակ-2/ այսօր կայացավ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ գործի դատաքննության առաջին նիստը։ Այն այսօր հետաձգվեց։
«Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է, որպեսզի հայցվոր կողմը գրավոր ապացույցները ներկայացնի ԱԺ աշխատակազմին՝ որպես պատասխանող կողմ, որպեսզի վեջինս կարողանա դիրքորոշում հայտնել դրանց վերաբերյալ»,-ասաց դատավորը։
Նիսըի ավարտից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործն իրենք հաղթել են, Խաչատուր Սուքիասյանն էլ ցուցմունքներում ասել է, որ իր հայտարարության ապացույցներ չունի։
«Այս գործը մենք հաղթել ենք, պատասխանող կողմն ասել է՝ փաստեր, ապացույցներ չունի։ Որպես մարդ՝ ինձ համար այս գործն ավարտված է, իսկ որպես իրավաբան մենք կշարունակենք»,-ասաց Ամրամ Մակինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ փաստվել է Սերժ Սարգսյանին վերագրվող հայտարարությունները հիմնազուրկ են, հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է քրեական գործը, որը քննվում էր Հակակոռուպցիոն կոմիտեում:
«Օգտագործվել է քրեադատավարական լայն գործիքակազմ, ապացուցվել է, որ ներկայացվածն իրականության հետ որևէ կապ չունի։ Անգամ տասը դոլար կազինոյում կրվելու մասին ապացույց չի եղել։ Այս գործով Խաչատուր Սուքիասյանը չի մատնանշել որևէ անձ, որից տեղեկությունները ստացել է, չի ներկայացրել որևէ փաստ, որը կհաստատեր Խաչատուր Սուքիասյանի՝ 2021 թ. օգոստոսի 25-ի և 26-ի հայտարարությունները։ Հիշեցնեմ, որ Սուքիասյանն ասել էր, «ես դեռ քիչ եմ ասում, որ ապացուցելի լինի»,-ասաց Մակինյանը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 06․09.2021թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին:
Սուքիասյանը հայտարարել էր՝ «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում։
Հարակից հրապարակումներ`
- Բադեն-Բադեն ծամոնը պետք է ավարտվի. Ամրամ Մակինյան
- Սերժ Սարգսյանի փաստաբանն արձագանքում է նրա՝ Բադեն-Բադեն գնալու լուրերին. Ոչինչ անհետևանք չի մնալու