Մեղադրանք է առաջադրվել Այնթապ համայնքի նախկին ղեկավարին
Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը, ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ:
ՔԿ-ից մանրմասնում են՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում նշված անձը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը օտարել եղբորը, 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե համապատասխան փաստաթղթերում եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս, այն դեպքում, երբ եղբորը հողամաս հատկացնելու վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել համապատասխան մատյաններում: Այնուհետև, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված պահանջն այն մասին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված կարգով օտարվում են համայնքի ավագանու որոշմամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, նշված քաղվածքը, համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:
Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը (որից 76.16քմ հանդիսացել է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ, իսկ 23 քմ-ն՝ Այնթապ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածք), ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը և 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, ինչպես նաև միաժամանակ նպատակ ունենալով այլ անձանց վաճառելու Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կայանը (որի մի մասը՝ 27.5քմ, ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և հանդիսանում է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ), նույն համայնքում գտնվող 16.8 և 12.8քմ մակերեսով հողամասերը ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները՝ անտեսելով և շրջանցելով մի շարք իրավական ակտերի նորմերը, 2020թ. փետրվար և հուլիսի ամսիներին, անձնական այլ դրդումներով, ակնհայտ կեղծ տեղեկությունների ներառմամբ, ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքի սեփականություն և օրինական, հողամասերն ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասի սահմաններում և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով նշված հողամասերից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց: Հետագայում որոշումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա հիշյալ հողամասերի և շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:
Բացի այդ, 2017թ. ապրիլին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ստուգմամբ պարզվել է, որ երկու դեպքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.3 և 0.13 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերում, առանց համապատասխան թույլտվությունների, ինքնակամ կառուցվել և շահագործվել են հասարակական նշանակության օբյեկտներ: Տեսչական մարմնի կողմից կազմվել է ակտ, որի օրինակն ուղարկվել է համայնքի ղեկավարին՝ արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված պահանջների խախտմամբ ինքնակամ կառույց իրականացված լինելու մասին, անտեսել է Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված կարգավորումները և պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել ինքնակամ շինարարության հետևանքներն օրենքով սահմանված կարգով վերացնելու ուղղությամբ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարանություն իրականացրած անձանց նկատմամբ:
ՔԿ փոխանցմամբ, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ) և 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին