Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ. Նիկոլ Փաշինյան
«Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն»,-գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ»:
Հայտարարելով, որ կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիր ունեն, որի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու:
«Իմ դիտարկմամբ՝ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար»,-հայտնեց Փաշինյանը և հավաստիացրեց, որ ներկայում գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզները, դպրոցները դրանց վերածննդի անկյունաքարերն են դառնալու:
Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ չեն կարող հանդուրժել ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը:
«Աշխատավարձերը ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ այդ գործընթացը պիտի զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում՝ դա պետք է լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պիտի ստանան: Այսինքն՝ ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը և հավաստիացրեց, որ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու և չեն կարող աշխատել որպես ուսուցիչ:
Վերլուծելով ԲՈւՀ-ական կրթությւոնը՝ Փաշինյանը հայտարարեց, որ ընդունելության քննության խայտառակ վիճակագրությունը նոր ազդակ պետք է դառնա այդ ոլորտի բարեփոխումների համար:
«Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60%-ը թափուր են մնացել: Պետական ԲՈւՀ-երում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40%-ը, իսկ մասնավոր ԲՈւՀ-երում շուրջ 98%-ը, չնայած կան պետական ԲՈւՀ-եր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորին»,-ասաց Փաշինյանը և հայտնեց, որ մտադիր են գնալ ԲՈւՀ-երի խոշորացման և թողնել ամբողջական պետական ֆինանսավորմամբ 8 ԲՈւՀ::
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան