Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մեկնել Արցախ
Հայկական ծագումով ռուս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) տեղափոխվելու և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ձեռնարկատերը հայտնել է իր Telegram-ալիքում։
«Որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ: Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, բայց վստահ եմ, որ այն ճիշտ է»,-ասել է նա։
Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել
Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:
Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։
Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։
Ռուսական կայքը գրում է, որ նման քայլի ձեռնարկատերը գնացել է Բաքվի և Երևանի միջև հերթական սրացման հետ կապված։ Կողմերը դեռևս չեն կնքել խաղաղության պայմանագիր, թեև ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է 2020 թվականին։