«Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգևներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ և փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման: Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ՝ հրավառությունների սահմանափակման մասին։ Օգոստոսի 31-ին գիտության, կրթության և այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը աշխատանքային քննարկում է անցկացրել հրավառությունների կազմակերպման և արգելման թեմայով:
«Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առևտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է»,- ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ դեռ 1,5-2 տարի առաջ կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն համավարակը, պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել էին:
Նա ասել է, որ դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների աղմուկի համար, և գրանցվում են դժբախտ պատահարներ․ նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, մի տարեց քաղաքացի սրտի կաթված էր ստացել: «Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը»,- գրել են ԱԺ կայքում: Տիգրան Ավինյանը, փաստորեն, լրամշակել է կառավարության մշակած նախորդ օրենսդրական նախաձեռնությունը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան