Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է, պարտությունը դեռ դատավճիռ չէ. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքն ուղերձ է հղել ԼՂՀ հռչակման օրվա առթիվ.
«1991թ․ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:
1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեով արցախահայության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց իր անկախ պետությանը: Այսպիսով, հայ տարեգրության մեջ արձանագրվեց մեր պատմության ամենալուսավոր էջերից մեկը՝ հայոց երկրորդ պետականության ծնունդը, որը նվաճվեց և իրողություն դարձավ ողջ հայ ժողովրդի հերոսական նվիրումի, անձնուրացության, համառ ու աննահանջ պայքարի շնորհիվ։
Տարիների համառ ու տքնաջան աշխատանքով, զոհողություններով ու խիզախումներով, արցախահայության՝ անկախության գաղափարի անմնացորդ նվիրումով կերտվեց Արցախի հանրապետությունն՝ իր սահմանադրական հարաբերություններով, կայացած պետական ինստիտուտներով, կրթական և մշակութային հաստատություններով, տնտեսական կարողություններով։
Արցախն ամրանում էր, համազգային ճիգով օրեցօր կայանում այն համոզումով, որ այն Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության հետ անվտանգային, հոգևոր ու տնտեսական մեկ համակարգ է, նույն զարկերակին ուժ տվող և նրանից ուժ ստացող անբաժան մարմին։
Ավաղ, Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող արկածախնդիր, կարճատես և ապազգային քաղաքականությունը կորստաբեր և աղետալի հարված հասցրեց Հայաստան-Արցախ անքակտելի միասնականությանը, անվտանգային լրջագույն սպառնալիքների առջև կանգնեցնելով մեր զույգ պետություններին։
Եվ, այնուամենայնիվ, որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է։
Պարտությունը դեռ դատավճիռ չէ։
Անկախություն և արժանապատվություն նվաճում են այն ազգերը, որոնք չեն հրաժարվում իրենց երազանքներից, որոնք սեփական իրավունքները պաշտպանել գիտեն, գիտեն հողի ու Հայրենիքի գինը։
Մենք՝ համայն հայ ժողովուրդը, նոր հաղթանակներ կոփելու թե’ համառություն, թե’ համոզում և թե’ ներուժ ունենք։
Միասին մենք կարող ենք։
Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՜ միասնական հայ ժողովուրդը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքն անկախության ճանապարհով. Արայիկ Հարությունյան
- Այսօր Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս. Սերժ Սարգսյան
- Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով. ԱՀ ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին