STARMUS. Փառատոն, որը կարողանում է համադրել գիտությունն ու արվեստը
Սեպտեմբերի 5-10 Հայաստանում կանցկացվի STARMUS գիտության և արվեստի փառատոնը։ Այն կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված կլինի Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։ Փառատոնը հյուրընկալելու է մեծանուն գիտնականների, աստղագետների, արտիստների։
Ասուլիսում փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանն ասաց, որ փառատոնի երաժշտական հատվածը սկսվելու է ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի համերգով։
Փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, Sons of Apollo խումբը, Ռիք Վեյքմանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը, Դերեկ Շերինյանը և միջազգային ճանաչում ունեցող այլ արտիստներ։
«Արվեստն ու գիտությունն այս մոլորակի վրա ամենակարևոր բաներն են»,- ընդգծեց Գարիկ Իսրայելյանը։
Ռոք երաժիշտ Դերեք Շերինյանն ասաց, որ հաճելի է լինել Հայասանում, ուրախ է և մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում։
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը նույնպես նշեց, որ մեծ պատիվ է լինել Հայաստանում STARMUS փառատոնի շրջանակում։
«Երբ տարիներ առաջ Գարիկ Իսրայելյանն ասաց, որ ցանկանում է STARMUS-ը բերել Հայաստան, ասացի՝ ֆանտաստիկ միտք է, կարելի է դա անել։ Ուրախ եմ, որ այս թիմի մաս եմ»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա բրիտանացի դաշնակահար և կոմպոզիտոր, Yes ռոք խմբի անդամ Ռիք Վեյքմանի խոսքով, Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ սխալ է արել, որ դպրոցում արվեստը տարանջատել են գիտությունից. «Տարանջատում են, բայց դրանք անհավատալիորեն կապված երևույթներ են, երբեք չպետք է տարանջատված լինեն։ Չափազանց կարևոր է STARMUS-ի դեպքում, որ այն կարողանում է համադրել այս երկուսը։ Հպարտ եմ, որ փառատոնի մաս եմ կազմում»։
Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի կարծիքով, շատ լավ նախաձեռնություն է արվեստն ու գիտությունը համադրել մեկ միջոցառման շրջանակում։
STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ասաց, որ STARMUS-ի համերգները եզակի են, երբեք չեն կրկնվում ոճի, համադրության տեսանկյունից։
«Եթե դուք բաց թողնեք STARMUS VI-ը, երբեք չեք տեսնի նույնը: Խոսքը ոչ միայն համերգների, այլև դասախոսությունների մասին է: Իսկապես անհավատալի արժեքի դասախոսություններ են լինելու, հանդես կգան դասախոսություններով հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ: Մտքերի, ուղեղների այսպիսի համաստեղությունն՝ անհավատալի է։ Այդպիսի 5 օր երբեք չի կրկնվի ապագայում»,- նշեց Գարիկ Իսրայելյանը:
Փառատոնի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին, Քրիս Հադֆիլդին, Ջիմ Բագյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին, Քիփ Թորնին, Էմմանուել Շարպենտիեին, գիտնականների՝ Թոնի Ֆադելին, Բրայան Գրինին, Դոննա Սթրիքլենդին։
Փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված է.
Մարզահամերգային համալիրի տարածքում կայանալու է «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը։
Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողություն, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»։
«108 րոպե» կլոր սեղան քննարկում՝ նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ։
Սթար փարթի՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի ու տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կանցկացվի Գառնիում։ Այդտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։
Գիտության ճամբար՝ Scince camp, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղադրվելու են շուրջ 20 վրաններ, այն վերածվելու է գիտության և տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափարերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագության նվաճումներն ու ձեռքբերումները՝ Աստղաֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Դրոններ, Ռոբոտաշինություն, Արհեստական բանականություն, ԱգրոՏեխ, Միջուկային էներգիա, Համաճարակաբանություն, Երկրաշարժի ուսումնասիրություններ, Կատույտ կանաչ մոլորակ, Աստղադիտակներ, Կենդանաբանություն և բուսաբանություն, Աջակցող տեխնոլոգիաներ, Տիեզերական և արհեստական արբայնակներ թեմաների շուրջ։ Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից և Արցախից։
Տիեզերական տեխնոլոգիաների երկօրյա կոնֆերանս, որն անցկացվելու է փառատոնի շրջանակում Մարզահամերգային համալիրում և ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։
Ծրագիր՝ հայաստանյան բուհերի մասնակցությամբ, որի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների։
STARMUS-ն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրությունը, արվեստը և տեխնոլոգիաները։ Փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում։STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան՝ պատերազմների. Գարիկ Իսրայելյան
- STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար
- «Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
- Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան` STARMUS VI միջազգային փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու
- Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է
- Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon-ի ձեռքբերումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-ների վաճառքից. Star
- STARMUS. Համաշխարհային փառատոնը կանցկացվի Հայաստանում