Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքն անկախության ճանապարհով. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին: Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի:
Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով:
2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև:
Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին:
Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան:
Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս. Սերժ Սարգսյան
- Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով. ԱՀ ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան