Սեյրան Օհանյան. Այսօր հակահայ ուժերից ազատվելու կարիք ունենք
«Հայաստանում հակահայ ուժերից ազատվելու կարիք ունենք»,-Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, այդ ուժերն անհաջողությունների վերջին փուլում Հայաստանն ու հայ ժողովրդին տանում են խաղաղության կեղծ օրակարգի, որը թելադրվում է Ադրբեջանի կողմից։
«Սա անընդունելի է։ Նրանք ասում են խաղաղությունն անվտանգության երաշխիք է։ Մինչդեռ խաղաղությունը երբեք անվտանգության երաշխիք չի կարող լինել»,-նշեց քաղաքական գործիչն իր ելութում։
Նա ասաց՝ հայ ժողովուրդը միշտ տուժել է այն ուժերի պատճառով, որոնք ներքին պառակտում են մտցրել, ապացույցը վերջին երկու տարվա անհաջողություններն են։
«Այս իշխանությունները ոտնատակ տվեցին մեր միասնականությունը, պառակտեցին ազգը, մինչդեռ մեր ներքին ամրությունն է մեր հզորության երաշխիքը»,-նշեց նա։
Անդրադառնալով 24 մլն դրամի դիմաց ժամկետային զինծառայությունից ազատվելու վերաբերյալ շրջանառության մեջ դրած նախագծին, պաշտպանության նախկին նախարարը ընդգծեց՝ դա բերելու է սոցիալական անարդարության, մինչդեռ պետք է քարոզել հայրենասիրություն ու ձևավորել հավասար պայմաններ։
«Այս իշխանությունն ուրիշ բան չունի անելու, արդեն բանակում ծառայությունը հեշտացնելու հարցեր է լուծում, մինչդեռ պետք է դրանք խստացվեին»,-ասաց Օհանյանը։
Նա ասաց՝ պայքարը վճռական փուլ է մտնում, պետք է լցվել համբերությամբ ու պայքարել այս իշխանություններին հեռացնելու համար։
«Ավարտելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ աջակցել Արցախին՝ վանկարկելով Ար-ցախ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան