«Ժողովուրդ». Բուհերը Աշտարակ տեղափոխելու հայտարարությունն ալեկոծել է մի շարք ռեկտորների հոգիները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը Երևանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետև թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլև բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»:
ԿԳՄՍ-ն փաստացի չհերքեց հանգամանքը, որ նախարարության ներսում նման քննարկում եղել է կամ կա: Մնում է պատկերացնել, թե Աշտարակի մանկավարժական համալսարանի կրթական որակն ու ներգրավվածությունը ապագայում ինչպիսին կլինի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վեդիից բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ
- «Ժողովուրդ». Չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 հազար դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա լռում է
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում