Ավարտվել է սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 17-ին 33-ամյա տղամարդը գնումներ կատարելու նպատակով, իր մորեղբորից ստանալով 1.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, վերջինիս պատկանող ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Երևան: Ճանապարհին նշված գումարից բջջային հեռախոսով կատարել է խաղադրույքներ և տանուլ տվել գումարի մի մասը:
Այնուհետև, գումարի կորստի իրական հանգամանքները թաքցնելու և մորեղբոր կշտամբանքներից խուսափելու նպատակով, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում տվել է հանցագործության դեպքի մասին սուտ տեղեկություն, որ նշված օրը երեք անձինք, դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով զինված, հարձակվել են իր վրա և պահանջել ու ստացել իր մոտ եղած ողջ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: