«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից և տարբեր առիթներով: Իր վարչապետության 100-ամյակի առիթով հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր.
«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան, և խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, և սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից»:
Ապա նա մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Նույն 100-օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ՝ օգոստոսի 17-ին, նա հայտարարեց. «Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում:
Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետևյալն է. «Մարտի 1»-ի գործը, ըստ էության բացահայտված է», - հայտարարել էր նա: Տարիներ անց նա սկսեց իր համար սկզբունքային հարցից կամաց-կամաց հետ կանգնել և մանևրել: 2021թվականի մարտի 1-ին նա հայտարարեց. «Ճիշտ է՝ մարտի 1-ին կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի է ունեցել դա, բացահայտված է»։
Ի՞նչ է նշանակում՝ ֆոնը բացահայտված է: Սա դեռ վերջը չէ. արդեն ապրիլի 14-ին նա հայտարարեց. «Ես չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն հիմա, բայց բացահայտում ասելով՝ մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո, այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու, ես ենթադրում եմ, որ դրանք մի իքս պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող է ուղղակի հրապարակվել, և դուք կտեսնեք՝ «Մարտի 1»-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»:
Թե ինչն է Փաշինյանը բացահայտում համարում, անհասկանալի է, բայց փաստ է, որ այս պահի դրությամբ 10 զոհերին սպանելու համար ոչ ոք ճաղերի հետևում չէ, «Մարտի 1»-ի գործն էլ բացահայտված չէ: Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա