Սեպտեմբերի 4-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագը կկայանա սեպտեմբերի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլունը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 4-ին կայանալիք 10-րդ պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Նա հույս է հայտնել, որ պատարագին կմասնակցեն ոչ միայն հայ բարձրաստիճան հոգևորականներ, այլ նաև Թուրքիայի մի շարք նահանգներից քաղաքացիներ և օտարերկրացիներ։
Նրա խոսքով, պատարագի համար Կ. Պոլսո Հայոց պատրիարքը գլխավորությամբ մոտ 46 հոգևորականներ սեպտեմբերի 3-ին կղզում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ հաջորդ օրը կայանալիք պատարագի կազմակերպման համար։
Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ: Սակայն 2020թ. նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չթույլատրվեց պատարագ մատուցել, իսկ 2021թ. պատարագին թույլ տրվեց այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց:
Հարակից հրապարակումներ`
- Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 5-ին կմատուցվի պատարագ
- Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագը կմատուցի Կ. Պոլսի Հայոց պատրիարքը
- Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի կլինի դռնփակ
- Սեպտեմբերի 6-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները