ՀՀ-ում պետական պաշտոնյաները ստեղծել են երկրի ընդերքը կողոպտելու, ժողովրդի ունեցվածքը թալանելու իդեալական պայմաններ․ Սանասարյան
Հայաստանի ընդերքի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ, քիմ. գիտ. թեկնածու Հակոբ Սանասարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում հանրապետության տարբեր մարզերում հանքարդյունաբերական նոր ալիք է բարձրացել։
«Երբ այս խունտան եկավ իշխանության, առաջին օրերին հայտարարում էին, որ նոր հանքավայրեր չեն շահագործվելու, այլ հներն են կարգի բերվելու։ Ի՞նչ տեսանք, տեսանք լրիվ հակառակը։ Նիկոլ Փաշինյանի օրոք 30-35 տոկոսով ավելի շատ հանքանյութ է վերամշակվում, քան «հանքասեր» Սերժ Սարգսյանի օրոք։ Բազմաթիվ նոր մետաղական հանքավայրերի արտանոգրեր են տրված՝ երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար»,- ասաց Սանասարյանը։
Նա նշեց, որ միայն վերջին օրերին երկու հանրային լսման է մասնակցել՝ Մեղրաձոր և Գլաձոր համայնքներում։
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումը։ Իսկ մինչ այդ էլ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական նստավայրում Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային երկրորդ քննարկումը կայացավ։ Մեծ հետաքրքրություն է նկատվում նաև Լոռու մարզում, որտեղ տարբեր բնակավայրերում եղան հանրային լուսմներ՝ կրկին մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։
Սանասարյանի խոսքով ՝ օրինակ Գլաձոր համայնքում ,որտեղ ցանկանում են ուսումնասիրություններ կատարել ՝ մետաղական հանքավայր շահագործելու նպատակով, սպառնում է Արփա և Եղեգիս գետերի ոչնչացում։ Իսկ Թեժասարի դեպքում՝ Մեղրաձոր, Փամբակ և այլ ջրային ռեսուրսների ոչնչացում։ Մասնագետը հիշեցնում է, որ Մեղրաձորի դեպքում Սովետական միության ժամանակ նման նախագիծ եղել է, սակայն ընդհատվել է աշխատանքը, քանի որ հետևանքներն աղետալի կլինեին։
«Ես տեսնում եմ թշնամական մոտեցում մեր երկրի նկատմամբ։ Այսօր այս մարդիկ անգամ ՀՀ-ն են թղթերով կտոր-կտոր տալիս Ադրբեջանին։ Հիմա դուք կտեսնեք, որ սեփականաշնորհումների թափը կրկին կմեծանա, քանի որ մեր երկրի նախագահը դրա կողմնակիցներից է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ համաշխարհային կառավարության գործիքներից։ Կա վտանգ, որ ավելի է վատթարանալու Հայաստանի վիճակը»,- նշեց մեր զրուցակիցը։
Թե ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ հանք շահագործողների հետաքրքրությունը մեծացել, Սանասարյանն ասաց․ «ՀՀ-ում պետական պաշտոնյաները՝ Կառավարությունը և ԱԺ-ի հետ միասին, ստեղծել են երկրի ընդերքը կողոպտելու, ժողովրդի ունեցվածքը թալանելու իդեալական պայմաններ։ Երբևէ չեմ հանդիպել աշխարհի որևէ երկրում, որ գողությունն օրենսդրորեն կարգավորող օրենքներ լինեն։ Ինչու չգողանալ ուրիշի ունեցվածքը, եթե նրանց տերերն ազգային չեն։ Կան երկու հիմնական ՝ «Ընդերքի մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքներ, որոնք արտոնում են հանքատերերին հարկեր չվճարելու»։
Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ մեր օրենքները ստեղծվել են «դրսի ճաշակով»։ Այսինքն՝ դրսից ինչ թելադրանք եղել է, այն էլ գրվել է։
Հարակից հրապարակումներ`
- Օլեգ Դուրգարյան. Մեղրաձորցիները ոչ են ասում հանքի երկրաբանական ուսումնասիրություններին
- Ահազանգ. նոր հանք են ցանկանում շահագործել Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում
- Չեմ կարծում, որ ՇՄԱԳ օրենքում երջանկություն կարող ենք փնտրել. ՇՄ նախարարի տեղակալ
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը
- Ընդերքի մասին օրենսգրքի հակասահմանադրական փոփոխությունների խնդրով ՀԿ-ները դիմել են նախագահին
- Փոխնախարարը պնդեց՝ վերացրել են ՀԿ-ների նշած Ընդերքի օրենսգրքի նախագիծը հետ կանչելու պահանջի հիմքերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան