Ինչպես են կաթնասունները կարողացել դառնալ գերիշխող ՝ դինոզավրերի անհետացումից հետո
Հնէաբանները հայտնաբերել են պատմության մեջ ընկերքավոր կաթնասունի ամենահին օրինակը: Հետազոտությունն օգնել է հասկանալ, թե ինչպես են կաթնասունները կարողացել դառնալ գերիշխող խումբ դինոզավրերի անհետացումից հետո։ «Միր»-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
Գիտնականները վերլուծել են Pantolambda bathmodon-ի մնացորդները։ Մի արարած, որն ապրել է 62 միլիոն տարի առաջ: Չափսերով այն նման է եղել ժամանակակից շան կամ խոզի։
Ատամները հետազոտողներին արժեքավոր տեղեկություններ են տվել: Նրանք կարողացել են վերլուծել անհետացած արարածների կյանքի մանրամասները՝ ուսումնասիրելով աճի գծերը (այնպես, ինչպես ծառերի օղակների դեպքում է) և պահպանված տարրերը։
Pantolambda bathmodon-ի հղիությունը տևել է մոտ յոթ ամիս: Նրանք ծնել են մեկ ձագ, որը, մինչև ինքնուրույն կյանք սկսելը, մեկից երկու ամիս սնվել է կաթով։
«Ես զարմացած եմ, որ մենք կարողացանք բացահայտել ծննդյան և կրծքից կտրելու քիմիական նշանները նման հին ատամների մեջ»,- ասել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Բրյուսատը:
Հայտնի է, որ կաթնասունները գոյություն են ունեցել դինոզավրերի օրոք, սակայն նրանց թիվը համեմատաբար քիչ է եղել։