Աստղաֆիզիկոս Քիփ Թորնը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ։
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Քիփ Թորնը, անդրադառնալով Սթարմուսին՝ որպես գիտությունն ու արվեստը միավորող փառատոնի, նշել է, որ արվեստ-գիտություն համադրությունը ոգևորիչ է տարբեր մշակույթների կրող երիտասարդների համար:
Անդրադառնալով արվեստի և գիտության համադրությանը՝ աստղաֆիզիկոսը նշեց, որ այն օգտագործվում է՝ բացատրելու, թե որքան հետաքրքիր է գիտությունը:
Քիփ Թորնը ներկայացրել է նաև հայազգի հետազոտողներից ստացած տպավորությունը. «Իմ կարծիքով՝ հայազգի հետազոտողները չափազանց հետաքրքրված և ոգևորված են գիտությամբ: Ես շատ վառ տպավորություն եմ ստացել բոլոր այն հայ հետազոտողներից, որոնց ճանաչել եմ»։
Աստղաֆիզիկոսը գիտությամբ հետաքրքրվողներին արժեքավոր խորհուրդներ տվեց: Ըստ աստղագետի՝ հաջողակ գիտնական լինելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ:
«Առաջին հերթին անհրաժեշտ է լինել գործի նվիրյալ, ցուցաբերել մեծ խանդավառություն և ունենալ մեծ հավատ սեփական ուժերի հանդեպ: Գիտության մեջ ներդրում ունենալու համար պահանջվում է հետևողական և մանրակրկիտ աշխատանք։ Ես միշտ երիտասարդներին ոգևորել եմ, որ հետաքրքրված լինեն նրանով, ինչ սովորում և ուսումնասիրում են և կենտրոնացնեն ողջ ուշադրությունն իրենց աշխատանքի վրա: Սա թերևս ամենագլխավոր պայմանն է»,- ընդգծել է Նոբելյան մրցանակակիրը:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, խոսելով ԵՊՀ-Սթարմուս համագործակցությունից և դրա շրջանակում կազմակերպված դասախոսություններից, շեշտել է դրանց կարևորությունը: Իր խոսքում նա ընդգծել է. «Սթարմուսն ուղղված է գիտության հանրայնացմանը և հիմնական նպատակներից է այն, որ հետազոտողները, ուսանողները, դպրոցականներն ու գիտությամբ հետաքրքրվող այլ անձինք էլ ավելի ոգևորվեն գիտությամբ»:
Ամփոփելով խոսքը՝ ԵՊՀ պրոռեկտորն ընդգծել է, որ այսօրինակ դասախոսությունները ներկաներին հնարավորություն կտան ծանոթանալու գիտության բնագավառում գրանցվող առաջընթացին՝ լսելով Նոբելյան մրցանակի դափնեկիրներին։
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանն ասել է. «Ես հետաքրքրված եմ աստղագիտությամբ, ֆիզիկայով, հետևաբար որոշեցի ներկա լինել ԵՊՀ-ում անցկացվող Նոբելյան դասախոսությանը: Կարծում եմ՝ կարևոր է ոչ միայն դասախոսություն լսելը, այլև այսպիսի միջավայրում գտնվելը։ Բանախոսն այսօր ներկայացրեց աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող նոր փաստեր, պատմեց սև խոռոչների և դրանց գրավիտացիոն ալիքների մասին, ինչը չափազանց հետաքրքիր էր ինձ համար: Պարբերաբար մասնակցում եմ ԵՊՀ-ում կազմակերպվող միջոցառումներին և ամեն անգամ նոր գիտելիքներ ձեռք բերում»։
«Սթարմուսը միավորում է գիտությունն ու արվեստը: Կարծում եմ՝ այս դասախոսությունը բացառիկ էր և կարևոր էր թե՛ գիտնական-հետազոտողների, թե՛ ուսանողների համար: Այսպիսի դասախոսությունները, գիտելիք տալուց բացի, նաև առաջացնում են գիտությամբ զբաղվելու ոգևորություն: Հաճելի էր նորից վերադառնալ հարազատ համալսարան ու լսել դասախոսություն»,-ասել է ԵՊՀ շրջանավարտ Վաչիկ Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- STARMUS. Փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները
- STARMUS. Փառատոն, որը կարողանում է համադրել գիտությունն ու արվեստը
- STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում