Մարությանը խորհուրդ է տալիս Մարուքյանին փնտրել հետևի մուտքում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր նոր մոնո-ներկայացման` «Քաղաքապետը» անոնսը ու գրել. «Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը:
Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»։
Անոնսում «լրագրողներ» հարցեր են ուղղում Հայկ Մարությանին։
Հարց-Փաստացի այս պահից սկսած դուք այլևս քաղաքապետ չեք, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում։
Պատասխան- Կոնկրետ հիմա դուրս եմ եկել քաղաքական թատրոնից և ոտ-ոտ գնում եմ դեպի Սունդուկյանի անվան թատրոն։
Հարց- Ինչո՞ւ եք դուրս եկել այս մուտքից, և ինչո՞ւ դուրս չեք եկել հետևից մուտքից։
Պատասխան- Որովհետև այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են։ Եթե գնաք, նայեք, մտնողների մեծ հերթ է կանգնած։
Հարց-Ասում են, պարոն Մարուքյան, ապօրինի այն շինությունները, որոնք քանդել եք, այդ շինաղբով ձեզ համար դղյակներ եք կառուցել, ճի՞շտ է։
Պատասխան-Նախ, իմ ազգանունը Մարուքյան չէ, Մարության է, եթե պարոն Մարուքյանին է հարցն ուղղված, խնդրում եմ գնացեք, իրեն տվեք, կարծում եմ, հետևի մուտքի մոտ է։
Հայկ Մարությանի հենց այս վերջին «պատասխանին» արձագանքել է Էդմոն Մարուքյանի թիմակից Դավիթ Խաժակյանը.
«Այսօր Հայկ Մարությանը հրապարակեց իր ներկայացման անոնսը և իրեն բնորոշ կապկումով անդրադարձավ Էդմոն Մարուքյանին:
Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոյից» դառնալ «քաղաքապետ Մարության»: Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին: 2012-ից Մարուքյանը քաղաքական գործիչ եղել և մնացել է, իսկ դու 2018-ից փոխեցիր աշխատավայրդ, բայց ոչ կարգավիճակդ:
Երբ քեզ նույնացրել էիր իշխանության հետ և վայելում էիր հեղափոխական վարկանիշը, մենք բաց տեքստով ասում էինք, թե քանի կոպեկի արժեք ունես որպես քաղաքապետ: Երբ դու պատերազմի պարտության բերումով սեփական թիմիցդ ու քո կարծիքով խորտակվող նավից դուրս էիր սողոսկում, մենք կրկին նույն բանն էինք ասում:
Այնպես որ մեր դիրքորոշումն ու կարծիքը քո մասին չի՛ փոխվել: Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել: Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից»:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր ներկայացման անոնսին բուռն արձագանքնել են նաև ֆեյսբուքյան օգտատերերը։
Դավիթ Հայրապետյանը գրել է. «Ինձ անձամբ մի քանի հարց է հետաքրքրում, որոնց պատասխանները, կարծում եմ, չեմ գտնի ներկայացման մեջ
1. Ովքեր կարող են մասնակցել այդ ներկայացմանը - սևերը, թե սպիտակները ?? Ինքը Հայկը հիմա սև է, թե սպիտակ ??
2. Իսկ որ մուտքից ինքը մտավ քաղաքապետարան ?? Ինչպես բոլորը հետևի ?? Իսկ ինչպես եղա՞վ, որ այդպես արագ հետևից հասավ առաջին մուտքին ?
3. Չի զղչում մի ամբողջ քաղաք կրկեսի վերածելու համա՞ր ու ինչու թողեց կրկեսը, եթե էլի հետ էր վերադառնալու»։
Լուսինե Հարոյան-Դալլաքյանն արձագանքել է. «Իսկ ես ուրախ եմ Հայկոյի համար, որ դուրս եկավ էդ նողկաթիմից:
Ու գտնում եմ, որ չարժե մարդուն անընդհատ ցեխին հավասարեցնել անզգույշ ասված «սև ու սպիտակի» համար:
Չէ՞ որ մենք հասկանում ենք, որ Արմեն Գրիգորյանն էլ էր անզգուշորեն վիրավորել շիրակցիներին, որ նրա ասածի մեջ հատուկ դիտավորություն չկար:
Հա, ու հետևի մուտքում հերթ կանգնածների մասին ռեպլիկը շատ տեղին էր՝ հատկապես մարուքյանի մասով»։