Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ՝ հոգևորից մինչև ժամանակակից, ջազից մինչև ռոք
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հովանավոր օրհնությամբ 2016 թվականին ստեղծվել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ կատարող երգչախումբն այժմ պատրաստվում է Երևանում սեպտեմբերի 7-ին կայանալիք Starmus VI փառատոնի շրջանակներում իրականացվող Another World համերգին։ Տավուշցի երեխաներն ու պատանիները ելույթ են ունենալու աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ, ով անհամբերությամբ է սպասում նրանց հետ հանդիպմանը։
Panorama.am-ը զրուցել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանի հետ՝ առաջիկա համերգի մասին և ոչ միայն։
Panorama.am- Ի՞նչ տարիքի երեխաներ են ընդգրկված երգչախմբում և ի՞նչ ստեղծագործություններ են կատարում։
Մարիա Գալստյան - 8-18 տարեկանների մանկապատանեկան երգչախումբ է։ Ծրագիրը բավականին բազմաբովանդակ է՝ սկսած հոգևորից՝ 5-րդ դարից, մինչև մեր օրեր։ Երգացանկում ունենք հոգևոր մոնոդիկ ստեղծագործություններ, այս ժանրում դրանց ժամանակակից բազմաձայն մշակումներ և աշխարհիկ ստեղծագործություններ՝ սկսած արևմտաեվրոպական դասականներից մինչև հանրամատչելի ստեղծագործություններ։ Ժանրային, ոճային առումով՝ դասականից մինչև ջազ, բլյուզ, ռոք։ Մեզ համար նաև անչափ կարևոր և պատասխանատու է երեխաների մասնակցությունը տաղավար տոների Պատարագներին։ Առաջիկայում մենք կունենանք ուխտագնացություններ Տավուշի սահմանամերձ գոտի և կձայնագրենք շարականներ։
Panorama.am- Տավուշը սահմանամերձ մարզ է։ Արդյո՞ք այդ փաստն ինչ-որ կերպ ազդում է երեխաների՝ կրթության, առօրյայի, նաև հետաքրքրությունների վրա։
Մարիա Գալստյան - Երգչախումբն աշխատում է Տավուշի թեմի առաջնորդարանին կից, փորձասենյակը գտնվում է թեմի առաջնորդարանում՝ Իջևանում։ Երեխաներն ակտիվ, բուռն գործունեությամբ են զբաղվում՝ թե՛ կրթական, թե՛ սոցիալական, թե՛ արշավային, ապրում են իրենց քաղաքով, գյուղով, սրտացավ են իրենց համայնքի, միջավայրի, ընկերության հանդեպ, ամուր ոտքերի վրա են կանգնած։ Ըստ իս՝ իրենք են հենց Տավուշի մարզի դեսպանները, ներկայացուցիչները։ Դրա վառ ապացույցը նրանց ակտիվ գործունեությունն է, որ իրենք ծավալում են։ Նաև գյուղերից ունենք երեխաներ։ Երեխա ունենք, ում հայրիկն ամեն շաբաթ մեքենայով 23 կմ կտրում-անցնում է ու բերում Իջևան՝ երգչախմբի փորձերին մասնակցելու համար։
Panorama.am-Շա՞տ են ցանկացողները շարունակելու կրթությունը հենց այս ուղղությամբ։
Մարիա Գալստյան - Դա իրենց որոշումն է։ Իմ աշխատանքն է նրանց ժամանադրել գեղեցիկի հետ, հաղորդակից դարձնել խմբերգային արվեստին, նրա մտածողությանը, որը շատ բազմաշերտ է և համայնքային մտածողություն է ձևավորում, երեխաների մոտ սթրեսակայունություն է ապահովում, մի շարք ստեղծածար և հիմնարար հմտություններ ու կարողություններ է զարգացնում։
Զավեշտալի մի բան պատմեմ. փորձի ժամանակ խոսակցություն եղավ մասնագիտութունների ընտրության հարցով։ Երգչախումբը 42 հոգուց է բաղկացած, 17 հոգի ձեռք բարձրացրեցին ու ասացին, որ ուզում եմ խմբավար դառնալ։ Ինձ համար ոգևորիչ էր, միաժամանակ՝ զարմանալի։ Ես շատ ուրախ կլինեմ իրենց հետագա հաջողությունների համար՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեն երեխաները, ես կողջունեմ․ կարևորը նրանց արմատները շատ կայուն են, տավուշյան են, տահույսյան են, ինչպես մեր թեմն է ներկայանում երեք հատկանաշական խոսուն անուններով՝ Տավուշ-ՏաՀույս-ՏաՈւժ։ Այս գաղափարական երեք արտահայտությունները վառ ապացույցն են նրա, որ երեխաների արմատները շատ պինդ են, գլուխը շատ առողջ, քանի որ մեր առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ՝ մեր ճանապարհն ուղիղ է, դրանց պտուղները մենք ճաշակում ենք։
Panorama.am - Երգչախումբը Հայաստանում, արտերկրում համերգներ ծրագրո՞ւմ է։
Մարիա Գալստյան- Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ համար անակնկալ էր մեր կատարմամբ Queen-ի երգերը լույսի արագությամբ ողջ համացանցով տարածվելը, աշխարհահռչակ մեգաաստղ Բրայան Մեյի հետ մեր հետադարձ կապը։ Իրոք, շատ ոգևորիչ է այդ ամենը։ Մենք համատեղ ելույթով կմասնակցենք սեպտեմբերի 7-ին կայանալիք Another World համերգային ծրագրին։ Դրան ենք նախապատրաստվում։
Panorama.am- Կխոսե՞ք այդ համերգի մասին։ Առաջարկն ո՞ւմ կողմից է եղել։ Հիշենք, որ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն իր ինստագրամյան էջում հրապարակել էր Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։
Մարիա Գալստյան- Այնքան սահուն ստացվեց ամեն բան։ Երբ Բրայան Մեյը ցանկություն էր հայտնել գալու Տավուշ և ծանոթանալու երգչախմբի հետ, բանավոր քննարկման ժամանակ STARMUS գիտության և արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի միջոցով հայտնեցինք, որ լավ կլինի համատեղ ելույթ իրականացնել, բացի Բրայան Մեյի փորձի փոխանցումից։ Բրայան Մեյը շատ անակնկալ կերպով ասել էր, որ ուզում է նաև «We Will Rock You»-ն միասին կատարենք։ Այսինքն՝ այն, ինչ ես էի մտածել, մեգաաստղի մտքով նույնպես անցել էր, ինչը շատ հաճելի էր։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Իսրայելյանին այդ կապն ապահովելու, հրավերը փոխանցելու համար։
Panorama.am-Ինչպե՞ս են արձագանքել երեխաներն այդ լուրին։
Մարիա Գալստյան-Նրանք են ավելի շուտ իմացել, քան ես։ Ես երկրում չէի, արձակուրդում էի և անջատել էի բոլոր տեսակի սոցիալական հարթակները։ Երբ վերադարձա, երեխաներից իմացա այդ ամենը։ Շատ ոգևորիչ էր։
Հիմա պատրաստվում ենք համերգին, կայանում են մեր գլխավոր փորձերը։ Մենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ, սրտի թրթիռով կսպասենք սեպտեմբերի 7-ի մեր ելույթին։ Անշուշտ, սա շատ ուրախալի փաստ է, սակայն ոչ մի կերպ չի ստացվում ուրախությունս լիարժեք արտահայտել՝ մեր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։ Չես կարողանում լիարժեք քո հաղթանակների, հաջողությունների բերկրանքը վայելել։ Միևնույն ժամանակ լցված եմ հույսով ու հավատով, որ Հայրենիքս նաև մեր սրտացավ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կվերականգնվի։
Panorama.am-Շնորհակալություն հարցազրույցի համար։