Աղջոց վանքը ողբերգական վիճակում է. Վերանորոգման կարիք ունի
Արարատի մարզի բարձունքներից մեկի վրա է գտնվում Աղջոց վանքը։ Սուրբ Ստեփանոսը վանական համալիրի գլխավոր եկեղեցին է, կից՝ հյուսիսային կողմից, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է, Վանական համալիրի շրջակայքում՝ խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցը։
Ըստ ավանդության` այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին` որպես կուսանաց վանք, ապա, 13-րդ դարում՝ 1212-1217 թվականներին, կառուցվել է վանական համալիրը։
Այն, ինչ այժմ մնացել է ժամանակի կրոնական ու մշակութային կենտրոնից, Սուրբ Ստեփանոսի կանգուն պատերն են, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքը՝ երկու կողմերում`Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:
Վանական համալիրն ավիրվել է 1679 թվականի երկրաշարժից:
«Աղջոց վանքն իսկապես խորհրդավոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել․ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգություն ունենք, ինչպե՞ս ենք վերաբերվում ինքներս մեզ… Այստեղ մարդն, անկախ իրենից, սկսում է մտածել հայկականության ու հայության մասին»,- ասում է հերթական անգամ Աղջոց վանք այցելած Զինավոր Մեղրյանը։
Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում․ վանական համալիրը պետք է վերականգնվի, իրավունք չունենք կորցնել անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը։
Ժամանակի հրաշակերտ կառույցին մի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում՝ բարդ ու դժվար աշխատանք է, բայց ցանկության ու ներդրումների դեպքում՝ իրականանալի։ Անհրաժեշտ է առաջին հերթին համախմբել մասնագիտական, նյութական, մշակութային ռեսուրսը։
«Պետք է հավատալ ու գործել»,- խոսքը շարունակում է Զինավոր Մեղրյանը, ով, ընկերների ու համախոհների հետ, առաջին քայլերն է անում Սուրբ Ստեփանոս վանական համալիրի վերականգնման գործի երկար ճանապարհին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան