«Քարակերտի քարաձուլման գործարանի» տարեկան հզորությունը լինելու է 200 հազար տոննա. Մասուդ Մոհարամի
«35 տարվա անգործությունից հետո գործարկում ենք Լեռնագոգի պողպատի ձուլման գործարանը և նախնական շրջանում նախատեսում ենք արտադրել պողպատի ձուլակտորներ, ամրաններ, մետաղալարեր և գլոցուկ (կատանկա)»,- Panorama.am-ին հայտնեց «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Մասուդ Մոհարամին:
Տնօրենի խոսքով՝ գործարանում առաջին փուլում արտադրվելու են 6 կամ 12 մետր երկարությամբ, 15 սմ լայնության և 15 սմ հաստության պողպատի ձուլակտորներ:
«Այն կգործարկվի երկու փուլով, առաջին փուլում կլինի ձուլարանը և կգործի տարեկան 25 հազար տոննա հզորությամբ վառարանը, իսկ երկրորդ փուլում՝ 60 հազար տոննա հզորությամբ երկրորդ վառարանը»,-տեղեկացրեց «Քարակերտի քարաձուլման գործարանի» տնօրենը և հավելեց. «Երկրորդ փուլում նախատեսվում է արտադրել ամրաններ մետաղալարեր և գլոցուկ(կատանկա), վերջինս այս պահին չի արտադրվում Հայաստանում և այն ստրատեգիական նշանակություն ունի մետաղի շուկայի համար»:
Մասուդ Մոհարամին հայտնեց, որ գործարանի հզորությունը տարեկան կազմելու է 200 հազար տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:
«Քարակերտի քարաձուլման գործարանում» այս պահին աշխատում է 110 հոգի, որից 80-ը Հայաստանի քաղաքացիենր են, իսկ 30-ը Իրանից ժամանած հատուկ մասնագետներ: Աշխատակիցները հիմնականում Լեռնագոգ և հարկից Դալարիկ գյուղերից են:
Գործարանի տնօրենի տեղեկացմամբ՝առաջին փուլի շահագործումը սկսելուց հետո 150 աշխատատեղ է լինելու, իսկ երկրորդ փուլում ավելանալու է ևս 250-ը և արդյունքում գործարանը մոտ 400 աշխատող է ունենալու:
«Մեր նպատակն այն է, որ օգտագործենք այն մետաղի ջարդոնն, որն առկա է Հայաստանում և չի օգտագործվում: Պողպատի արտադրության ոլորտը համարվում է արդյունաբերության առանցքային ոլորտներից մեկը»,-ասաց իրանցի գործարարը:
Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ հենց Հայստանում են որոշել գործարան հիմնել և տեղյակ էին արդյոք Հայաստանում բիզնեսի պայմաններին՝ Ատրպատական նահանգից գործարար Մասուդ Մոհարամին ասաց. «Առաջին գործոնն այն էր, որ Իրանը Հայաստանի հետ ուներ ընդհանուր սահման: Մենք տարիներ շարունակ աշխատում ենք Հայաստանում, գիտենք հայ ժողովրդին, իսկ մեր մայր գործարանը գտնվում է «Արազ» ազատ տնտեսական գոտում՝ Ջուղայում, որը տարեկան արտադրում է 320 հազար տոննա պողպատ և մեր հիմնադիրները, որոնք հանդիսանում են նաև այդ գործարանի սեփականատերերը, որոշեցին նմանատիպ պողպատի արտադրություն հիմնել Հայաստանում, քանի որ հնրավոր է ապագայում անհրաժեշտություն առաջանա հանքահումքը ներմուծել նաև Իրանից»:
Արձանագրելով, որ րոպեներ անց գործարան է ժամանելու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամը և նրան ուղեկցող գործարարների մեծ պատվիրակությունը՝ Panorama.am-ը հետաքրքրվեց, թե Մասուդ Մոհարամին խորհուրդ կտա՞ր համերկրացի գործընկերներին Հայաստանում ներդրում անել:
«Մեր նորաբաց գործարան Ատրպատականի մարզպետի և նրան ուղեկցող գործարարների այցելությունը բավական մեծ նշանակություն ունի: Տեսնելով մեր գործարանը՝ նրանք կհամոզվեն, որ Հայաստանում ներդրում անելը ճիշտ է, ապահով, և որևէ խնդիր չկա: Մենք նաև փորձել ենք մեր օրինակով բարձրացնել Հայաստանի գրավչությունն օտարերկրյա ներդրողների համար»,-ասաց «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Մասուդ Մոհարամին:
Գործարան այցելած և արտադրական պրոցեսի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին ծանոթացած Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամը լրագրողներին հայտնեց, որ արդյունաբերության ոլորտի իրանցի գործարարները բարի համբավ ունեն այս տարածաշրջանում:
«Բնականաբար մենք ցանկանում ենք մեր հարևանների հետ հարաբերություններն էլ ավելի բարելավենք և բարձրացնենք նոր մակարդակի վրա: Երկու երկրների գործարարները հարևան երկրներում գործունեություն սկսելու համար ունեն իրենց պետությունների ներուժն օգտագործելու հնարավորություն: Մեր ներդրողներն առաջնահեթությունը տալիս են հարևան եկրներին, քանի որ կկարողանան իրենց գիտելիքները և ներուժն ավելի հեշտությամբ և բարձր արդյունավետությամբ օգտագործել: Հույս ունենք, որ նման ներդրումների ծավալներն ապագայում Հայաստանում կավելանան: Երկու օր բանակցությունների մեջ ենք պետական և մասնավոր հատվածի հետ և հույսով ենք, որ ապագայում մեր համագործակցությունն կընդլայնվի:
Panorama.am-ը նահանգապետից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքների է հասել Մեղրիում առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ հիմնելու իր նախաձեռնությունն կյանքի կոչելու հարցում, որի մասին հայտնել էր Հայաստան այցելելու նախօրեին:
«Թե՛ Սյունիքում, թե՛ «Արազ» ազատ տնտեսական գոտում այդ ուղղությամբ բանակցություններ ենք վարում, բայց կան մի շարք խոչընդոտներ: Հուսով ենք, որ դրանք արագ կվերացնենք և կանցնենք առաջ»,-պատասխանեց Աբեդին Խորրամը:
Պատրաստեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում