Հայ-իրանական գիտական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում
Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև կնքվել համագործակցության հուշագիր:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այն ստորագրել են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում: Հուշագրի կնքումը իրականություն է դարձել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ակտիվ ջանքերի շնորհիվ։
Հուշագրով նախատեսվում է արևելագիտությանը վերաբերող գրականության ցանկերի փոխանակում, համատեղ գիտաժողովների, վեբինարների, կլոր սեղանների անցկացում, «Հրաչյա Աճառյան»-ի անվան մրցանակաբաշխության շրջանակներում լավագույն իրանագետ անվանակարգի սահմանում:
«Իրանը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Մեր երկու ժողովուրդները ստեղծել են յուրահատուկ քաղաքակրթություն: Արևելագիտության ինստիտուտի առաջնահերթություններից է իրանագիտության ոլորտում ուսումնասիրությունների խորացումը», -ասել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը:
Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցության արդյունավետությունը:
«Հայ-իրանական հարաբերություններն ունեն մի քանի հազար տարվա պատմություն, բարեկամություն, մշակույթ և ամուր կապեր: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք Արևելագիտության ինստիտուտի հետ լավ համագործակցություն ձևավորել», - ասել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Սադեն:
Հուշագրի ստորագրմանը հաջորդել է «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը: Այն ամփոփում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված գիտաժողովի արդյունքները: Ժողովածուն ընդգրկում է երկու երկրների դեսպանների ելույթները տարբեր ժամանակներում, հայ և իրանցի գիտնականների զեկույցները: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, ժողովածուի գլխավոր խմբագիր Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց ժողովածուում կիրառված նորարարությունը՝ QR կոդը, որն ապահովում է 2020թ. փետրվարի 9-10-ին տեղի ունեցած գիտաժողովի տեսագրությունը։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից շնորհակալագիր է հանձնվել բարերար Հովսեփ Ավետյանին հայրենանվեր գործունեության համար: Ավետյան ընտանիքի օժանդակությամբ վերանորոգվել և վերակահավորվել է Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժինը: