Երևանը կհյուրընկալի Փառատոների եվրոպական ասոցիացիայի գագաթնաժողովը
Փառատոների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոների 2022թ. գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ Միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից։
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է «Ready, steady, join us: 70 Years-On» խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և ««Եվրոպան փառատոների համար, փառատոները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։
Այս նախաձեռնությունը մշակվել է 7 առաջատար քաղաքների՝ Բելգրադի, Բերգենի, Էդինբուրգի, Գենտի, Կրակովի, Լեուվարդենի և Լյուբլյանայի կողմից, նպատակն է խթանել փորձի փոխանակման գործընթացի փառատոների և այն տեղական համայնքների միջև, որոնք ցանկանում են կապել և ինտեգրել իրենց անունն ու քաղաքականությունը այս հզոր մշակութային միավորների հետ: Հիմնադիր 7 քաղաքները մանրամասն ներկայացնելու են ««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքի բազմազան կիրառություններն ու առավելությունը, որոնք փորձարկվել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Նախքան ստորագրման արարողության մեկնարկը՝ նախաձեռնությանը միանալու են նաև Եվրոպայի և իր սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ այլ քաղաքներ:
Մոտ 45 երկիր ներկայացնող 120 փառատոների առաջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր հանդիպելու են Արվեստների փառատոների գագաթնաժողովի ընթացքում կիսվելու իրենց մտքերով, մտահոգություններով, կարիքներով և գեղարվեստական առաջարկներով։
Այս տարվա գագաթնաժողովի շրջանակներում մշակվելու է նոր մոտեցում փառատոնային աշխարհին արվեստի և մշակույթի ոլորտում իր ուրույն տեղը հաղորդելու համար։
Միջոցառմանը մասնակցելու են նաև տարբեր քաղաքների քաղաքապետեր, բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ և այլ շահակիցներ՝ միավորվելու արվեստի և արվեստի փառատոների զորեղ ուժի շուրջ և հնարավորություն տալու եվրոպայի քաղաքացիներին իրենց դերակատարությունն ունենալու Եվրոպայի և ողջ աշխարհում դրա դիրքի առաջխաղացման գործում։
Արվեստների փառատոների գագաթնաժողովի ծրագրով նախատեսված են նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ Երևանում: