Անհնար է պատկերացնել երկնիշ տնտեսական աճ, եթե երիտասարդները լքում են Վրաստանը․ Բեքա Լիլուաշվիլի
Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության անդամ Բեքա Լիլուաշվիլիի խոսքով, անհնար է պատկերացնել երկնիշ տնտեսական աճ, եթե երիտասարդները լքում են երկիրը: Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Նրա խոսքով, այսօր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երիտասարդությունն այլևս մնալու հեռանկար չի տեսնում և փախչում է երկրից, ինչը կարող է Վրաստանը կանգնեցնել ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առաջ։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ կայուն զարգացման համար երկրին անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ տարբեր ուղղություններով, հակառակ դեպքում երկիրը կշարունակի զրկվել երիտասարդներից և կրկին կկանգնի սուր տնտեսական մարտահրավերների առաջ։
«Նախքան ինչ-որ բաներից ինքնաբավարարվելը, անհրաժեշտ է հասկանալ այն իրավիճակը, որը մենք ունենք. ունենք շատ ժամանակավոր գործոններ, որոնք ազդում են մեր տնտեսության վրա կարճաժամկետ հեռանկարում:
Երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ սոցիալական ապահովության համակարգի, ներդրումային միջավայրի բարելավման, դատաիրավական ոլորտի և, իհարկե, ինքնակառավարման ամրապնդման առումով։ Հակառակ դեպքում, դա կլինի ժամանակավոր, ոչ նյութական աճ, որի պայմաններում երկիրը կշարունակի «ցամաքել» մեր երիտասարդությունից»,- ասել է Լիլուաշվիլին։
Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, իշխանական Էկա Սեփաշվիլիի կարծիքով՝ սխալ է չնկատել այն տնտեսական աճը, որ կա երկրում։
«Ես չեմ կարող համաձայնել ընդդիմության գնահատականներին և չեմ կարող ասել, որ Վրաստանում տնտեսական գործընթացները բացասաբար են ընթանում։ Չնկատել կայուն տնտեսական աճը, որը տեղի է ունենում Վրաստանում, և հաշվի չառնել այն համատեքստը, որում պետք է աշխատի Վրաստանի տնտեսությունը, սխալ է։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության զարգացումը բնութագրվում է բացասական միտումներով, և այս պայմաններում, երբ Վրաստանում երկնիշ տնտեսական աճ է գրանցվում, իմ կարծիքով` դա իսկապես ողջունելի է։ Սա, իհարկե, բավարար չէ Վրաստանում առկա աղքատության մակարդակը նվազեցնելու համար, բայց միանշանակ առաջընթաց է, որը կօգնի Վրաստանի տնտեսությանը և բնակչությանը հաղթահարել աղքատությունն ու դժվարությունները, որոնք բնորոշ են բնակչության որոշակի հատվածին»,- ասել է Սեփաշվիլին։
Նշենք, որ կառավարության երեկվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ տնտեսական աճը վերջին 7 ամիսների ընթացքում կազմել է 10,3 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները