«Ժողովուրդ». Զինդատախազն ազատման դիմում կգրի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալ:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:
Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն և ազատման դիմում կգրեն: Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա ևս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գևորգ Բաղդասարյանն է: Բանն այն է, որ նա թեև դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաև «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է և ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան