Վերջերս եմ բացահայտել իմ հայկական ինքնությունը և շատ ուրախ եմ․ Էմանուել Շարպենտիե
Ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն Երևանի պետական համալսարանում հանդես է եկել մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
«Դասախոսությունն անցկացվել է գիտահանրամատչելի լեզվով։ Բանախոսը ցույց է տվել, թե ինչ ճանապարհով է տեղի ունենում օրգանիզմի գեների փոխանցումը սերունդներին և թե ինչպես են առաջանում ԴՆԹ-ի տարբեր հաջորդականությունները՝ գենոտիպերը։ Այնուհետև անդրադառնալով բակտերիալ «CRISPR-Cas9» իմունային համակարգի մոլեկուլային մեխանիզմների վերծանմանը՝ Է. Շարպենտիեն նշել է, որ «CRISPR-Cas9» տեխնոլոգիան կարող է օգտագործվել գենոմը հեշտությամբ խմբագրելու համար։
Հետազոտողներն ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառել են այս մեթոդը՝ բույսերի, կենդանիների ԴՆԹ-ի հաջորդականությունները խմբագրելու համար: Է. Շարպենտիեի բացահայտումից ի վեր՝ «CRISPR»-ը հեղաշրջում է կատարել գենետիկայում՝ գիտնականների համար ստեղծելով հնարավորություն ուսումնասիրելու գեների դերը առողջության մեջ և տարբեր հիվանդություններում, ինչպես նաև մշակելու գենետիկ թերապիա, որն առավել անվտանգ և արդյունավետ է, քան առաջին սերնդի գենետիկ թերապիան:
Անդրադառնալով իր կատարած հայտնագործությունների նշանակությանը՝ Է. Շարպենտիեն նշել է. «Ես միշտ առանձնացնում եմ գենետիկ բժշկության ոլորտում իմ կատարած հայտնագործությունը և դրա կիրառությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգացնելու գենետիկ թերապիան և բուժելու գենետիկ խանգարումները: Սա նաև հպարտանալու տեղիք է տալիս»։
Մեզ հետ զրույցում մանրէաբանն ասել է, որ այսպիսի դասախոսությունները չափազանց կարևոր են, քանի որ դրանք մեծացնում են երիտասարդ սերնդի հետաքրքրությունը գիտության նկատմամբ և հաճախ դառնում ոգեշնչման աղբյուր։
«Երբեմն մտածում եմ, որ ես գիտության մեջ ավելի շատ ներդրում եմ ունենում՝ համալսարաններում դասախոսություններ կարդալով, քան լաբորատորիայում ժամեր շարունակ աշխատելով»,- ընդգծել է գիտնականը։
Անդրադառնալով իր հայկական ինքնությանը և Հայաստան կատարած այցին՝ գիտնականը պատմել է․«Վերջերս եմ բացահայտել իմ հայկական ինքնությունը և շատ ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում գտնվելու համար։ Հայաստանը չափազանց գեղեցիկ երկիր է, և ես որոշել եմ հաճախակի այցելել այստեղ։ Դեռևս եղել եմ միայն Երևանում, սակայն ցանկանում եմ այցելել նաև հայկական պատմամշակութային վայրեր և բարձրանալ հայոց լեռները»։
«Սթարմուս» փառատոնի շրջանակում Երևանի պետական համալսարանում հյուրընկալված Է. Շարպենտիեն դասախոսությունից հետո այցելել է ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացավ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում իրականացող աշխատանքներին։ Այնուհետև հրավիրյալ գիտնականը հանդիպեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ՝ ծավալելով մասնագիտական քննարկումներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին