Ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է ԼՂ շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին. Պուտինը՝ Փաշինյանին
Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ մշտական կապի մեջ է՝ կանոնավոր հանդիպումներ են ունենում և հեռախոսազրույցներ ընթացիկ արդիական հարցերի շուրջ։
«Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել:
Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առևտրաշրջանառությունը վերջին շրջանում, մոտավորապես, 25-30 տոկոսով աճել է»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով, իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին:
«Մենք դրա շուրջ մշտապես ձեզ հետ խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք: Եվ ես ուրախ եմ այցի ընթացքում զրուցել այս բոլոր թեմաների շուրջ»,- նշել է Պուտինը։
ՀՀ կառավարությանից հայտնում են, որ Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է. «Դուք արդեն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարևոր տարի էր մեր հարաբերությունների համար՝ նկատի ունեմ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հոբելյանները:
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կարևոր են մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը:
Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել:
Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտին. Հայաստանն օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարող ես աշխատել Երևանում, բայց՝ փաստացի ապրել Մոսկվայում
- Պուտինի որոշումների շնորհիվ մեզ հաջողվեց միասին կառավարել այդ սպառնալիքները. Փաշինյան
- Ուկրաինայում իրավիճակի վրա կենտրոնանալը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման մեր տարածաշրջանում. Փաշինյան
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա