Քըրթ Վյութրիխ. Ես մարզիկ էի, և երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ
«STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 7-ին հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ:
Քըրթ Վյութրիխը հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձը:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, դիմելով երիտասարդ գիտնականներին՝ Քըրթ Վյութրիխն ասել է. «Եթե դուք ուզում եք նկատելի լինել, եթե ուզում եք ինչ-որ մի բան ղեկավարել գիտության ոլորտում, պետք է լսեք խորհուրդներ և շատ-շատ աշխատեք մեծ խնդիրների վրա: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց կրթությունը ստանան լավ համալսարաններում, երիտասարդ գիտնականները խրախուսվեն և առաջնորդեն գիտությունը, հանդիպեն այն գիտնականներին, ովքեր կարողանում են աշխատել մեծ խնդիրների վրա և իրենց ուսանողներին էլ են դա սովորեցնում:
Ես մարզիկ էի, գիտությունն ինձ համար երեկոյան զբաղմունք էր, և ես երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ: Գիտության մեջ դու աշխատում ես և հանկարծ հայտնաբերում ինչ-որ մի բան: Ճանաչումը կարող է տևել 20 տարի և ավելի: Հետո միայն կարող են որոշել, դա արժանի է Նոբելյան մրցանակի, թե՝ ոչ: Երիտասարդ գիտնականները պետք է հասկանան, որ հաջողությունը միանգամից չի լինում, դա շատ դժվար աշխատանք է: Դու չես կարող վստահ լինել, որ Նոբելյան կոմիտեն քեզ կհավատա: Պետք են տարիներ, որպեսզի հաստատվեն քո ուսումնասիրությունները: Դուք պետք է շատ աշխատեք, թեպետ Ձեր ընտանիքն այնքան էլ երջանիկ չի լինում դրանից: Նոբելյան մրցանակ ստանալիս ինձ հետ էր իմ կինը, և դա փոխհատուցումն էր այն դժվար կյանքի, որը նա տեսել է, որովհետև ես անընդհատ լինում էի աշխատավայրում»,- ասել է նա:
Քըրթ Վյութրիխը կարևորել է հիմնարար գիտական հետազոտությունների նշանակությունը ցանկացած կիրառական արդյունքի ստացման համար: Նա նշել է, որ, օրինակ, COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստացման աշխատանքները հիմնված են մի քանի տասնամյակ տևած հիմնարար հետազոտությունների վրա: Նոբելյան մրցանակակիրը խոսեց նաև իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի, պրիոնների մասին:
Քըրթ Վյութրիխը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեյցարիայի Աարբերգ համայնքում:
Հիմնական կրթությունը ստացել է Բեռնի համալսարանում՝ մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում։ Նա իր գիտական հետազոտությունները կատարել է աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում: Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտականշրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով:
Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև մարդկանց համար։ Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը: Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի:
Հարակից հրապարակումներ`
- STARMUS-ի բացմանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել լրագրողի նկատմամբ
- Լեգենդար կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է
- STARMUS. Փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները
- STARMUS. Փառատոն, որը կարողանում է համադրել գիտությունն ու արվեստը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին