Ոչ մի տեղ բավարար մարդկային ռեսուրս չունենք, ինչը կրթության ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով է. կառավարման փորձագետ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագծին, որը դեռ պետք է ԱԺ կողմից ընդունվի։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ, թեև լավ է, որ ի վերջ կրթության ոլորտին վերաբերող փաստաթուղթ է մշակվել, սակայն նայելով փաստաթղթի բովանդակությանն ու այն գործընթացներին, որոնցով այդ փաստաթուղթն անցել է, տպավարությունն այնպիսին է, որ անցյալից դասեր չեն քաղում և նորից կրկնում են նույն սխալները։
«Շատ կարևոր է, որ այս ռազմավարությունն ընդունվի մասնակցային ձևով։ Սա այն փաստաթուղթն է, որը հենց հիմքից պետք է մասնակցային լինի։ Այսպիսի փաստաթղթերը ինչո՞ւ են ձախողում։ Որովհետև վերջում մնալու է կառավարության, իշխանության վրա. ոչ հասարակական սեկտորը, ոչ ուսուցիչները, դասախոսները, ոլորտի մյուս խաղացողները չեն աջակցելու այդ փաստաթղթին, իսկ այս տեսակի փաստաթուղթը եթե մնում է զուտ կառավարության փաստաթուղթ, իրագործման ու հաջողության որևէ շանս չունի։ Դրա համար գործընթացի առումով կարևոր կլիներ հիմնական թեզերի շուրջ նախարարությունը կարողանար հավաքեր բոլոր խաղացողներին, փակեր մի սենյակում, այնքան քննարկումներ անեին, մինչև բոլորը գային ինչ-որ հարցրի շուրջ համաձայնության, հետո նոր շարադրեին»,- ասաց փորձագետը։
Ս. Խաչատրյանի խոսքով, հետպատերազմյան իրավիճակից բխող որոշ խնդիրներ արտացոլված են փաստաթղթում, բայց, կարծում է, որ սա ավելի շուտ ստացվել է շարադրություն, ոչ թե ռազմավարական ծրագիր։
Քննարկմանը ներկա պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ասաց, որ այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում կա մարդկային ռեսուրսի խնդիր. «Ոչ մի տեղ մենք բավարար մարդկային ռեսուրս չունենք, ինչը մեր կրթության ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով է։ Եվ այս փաստաթուղթը, հատկապես այն հատվածը, որտեղ նպատակների մասին է, կրում է զուտ հռչակագրային բնույթ։
Եթե մենք ունենք ոչ նպատակային, անարդյունավետ, ոչ խնայողաբար գործող համակարգ, իսկ մենք արձանագրել ենք, որ դա ունենք, ապա ինչքան ուզում ես ֆինանսական ռեսուրսներն ավելացրու, դու ավելացնում ես անարդյունավետ գործող համակարգի ֆինանսավորում, ինչը դրական արդյունք չի կարող տալ»։
Նրա խոսքով, նախ պետք է սահմանել առաջնահերթությունները ու հենց սկսել ֆինանսավորել առաջնային խնդիրները։
«Սա այս փաստաթղթում չկա, ինչն ուղղակի հանգեցնելու է ֆինանսական ռեսուրսների վատնման»,- ասաց Արտակ Քյուրումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան