Ուկրաինայում իրավիճակի վրա կենտրոնանալը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման մեր տարածաշրջանում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցում է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին, որի թեման է՝ «Բազմաբևեռ աշխարհ տանող ճանապարհին»։
Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ այս տարի ամենահայտնի արտահայտությունը հետևյալն է՝ «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում».
«Բայց եթե ավելի խորը նայեք, հարց է առաջանում՝ ե՞րբ էին այս ժամանակները հեշտ: Անկեղծ ասած, մարդկության պատմությունն ընդհանրապես դժվար ժամանակների շղթա ու հաջորդականություն է։ Այդ իսկ պատճառով մարդկությունը այլ բանաձև է մտածել՝ ցանկացած ճգնաժամային իրավիճակ իր հետ բերում է նոր սպառնալիքներ և բացում նոր հնարավորություններ: Այժմ կառավարությունների, երկրների հիմնական խնդիրն այն է, թե ինչպես կառավարել սպառնալիքները և ինչպես նկատել և օգտագործել հնարավորությունները»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի, այս համատեքստում, իհարկե, մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն. այստեղ առաջանում կամ սրվում են այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, և դրանք առաջին հերթին անվտանգության հետ են կապված։
«Սա պայմանավորված է ներկա իրավիճակով, երբ ողջ համաշխարհային հանրության և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր 2020 թվականին, երբ Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խնդիրների վրա, պատերազմ սկսեց։
«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք կկարողանանք կառավարել իրավիճակը և իրավիճակը տարածաշրջանում պահել վերահսկողության տակ։ Սա կարևոր է նա համաշխարհային անվտանգության համար»,- ասաց նա։
Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ ունի նաև լավ նորություն. «Հիմա Հայաստանի տնտեսությունում շատ լավ դինամիկա կա։ Այս տարի մենք նպատակ ունենք հասնելու տնտեսական աճի` առնվազն 7 տոկոս»,- ասաց նա։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար արդարացրել է նաև այս իրավիճակում։
«Հայաստանում նկատվող տնտեսական աճը կապված է այն ազատությունների հետ, որոնք տալիս է ԵԱՏՄ-ն՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։
Մենք սա տեսնում ենք և, իհարկե, պետք է աշխատենք հաջորդ փուլերի վրա, որպեսզի պահպանենք այս թափը, որպեսզի նման աճից հետո նոր ճգնաժամ չառաջանա»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիվոստոկում մեկնարկել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը
- Վլադիվոստոկում Փաշինյանը կհանդիպի Պուտինին
- Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը. Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին