Կարևոր է լուծել կրթական համակարգի կառավարմանը, որակին վերաբերող հարցեր, ոչ թե բուհը մի քաղաքից տանել այլ քաղաք. Փորձագետ
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը դրական է գնահատում, սակայն, նա կարծում է, որ Հայաստանում արդեն կա նման քաղաք Երևանի կենտրոնում, որտեղ համախմբած են բուհերը, ԳԱԱ, հանրային գրադարան, հիվանդանոցներ։
«Երիտասարդական մետրոյի հարակից հատվածներում մենք ունենք ակադեմիական քաղաք։ Կարծում եմ՝ դա ժամանակին մտածված պլանավորվել է։
Այո, որոշակի խցանումներ է ստեղծում, ծանրաբեռնում է քաղաքի կենտրոնը, սակայն անձամբ ինձ շատ դուր է գալիս Երևանի ուսանողական հատվածը, երիտասարդները գեղեցկացնում են այդ հատվածը»,- քննարկմանն ասաց նա՝ անդրադառնալով Փաշինյանի՝ բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխելու մասին հայտարարությանը։
Նրա խոսքով, բուհերը գտնվելով քաղաքի կենտրոնում, մետրոն, ըստ էության, ապահովում է հասանելիություն։
«Հայաստանը դեռևս այն երկիրը չէ, որ դասախոսները, ուսանողները օրական 20-30 կմ երթևեկեն աշխատատեղ, ուսումնական հաստատություն հասնելու համար։ Քաղաքի կենտրոնում լինելը բավական մատչելիություն է ապահովվում»,- ասաց Ս. Խաչատրյանը։
Նրա կարծիքով, տանելով Աշտարակ՝ ստեղծվելու են բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական լրացուցիչ ծախսեր, հանրակացարանային մեծ ֆոնդ է պետք ստեղծել, գուցե դասախոսներին պետք է տալ բնակարաններ, քանի որ կան մարդիկ, ովքեր 20-25 ժամ դասավանդում են կամ վարչական աշխատողները, պետք է գտնվեն Աշտարակում։
«Ստեղծում են անիմաստ անհարմարությունները։ Եթե լիներ ապացույց, որ բուհը կենտրոնից ծայրամաս տանելն ազդում է կրթության որակի վրա, կհամաձայնվեին, բայց նման բան չկա։ Կրթության որակի ապահովման համար կարևոր է դասախոսների որակը, ծրագրերի որակը, երկրի կրթական համակարգի կառավարումը, բուհական կառավարիչների մակարդակը։ Այդ հարցերը պետք է լուծել, թե չէ բուհը երկրի մի քաղաքից տանել մյուս քաղաք՝ ինչպե՞ս է դա ազդելու։ Ինքս դասախոս եմ, չեմ կարծում, որ եթե տանեն Աշտարակ, ավելի լավ կաշխատեմ։ Հակառակը, գուցե ավելի վատ աշխատեմ, քանի որ օրական պետք է շոշափելի ժամանակ ծախսեմ այդ ճանապարհն անցնելու համար»,- ասաց կրթության փորձագետը։
Նրա խոսքով, նախքան որոշում կայացնելն անհրաժեշտ էր խոսել դասախոսների, ուսանողների հետ, լսել նրանց կարծիքները, պարզել, թե ինչ խնդիրների կարող են հանդիպել։
Քննարկմանը ներկա պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ասաց, որ մարդիկ իրենց գլխում ինչ-որ պատկերացումներ ունեն խնդրիների լուծման վերաբերյալ և կողքից որևէ մեկին չեն լսում։ Նա նշեց, որ նման քայլի որևէ ֆինանսական հիմնավորում չկա։ Փորձագետը չի հավատում, որ իրականացող նպատակ է, քանի որ առաջին հերթին դրա համար ռեսուրս չկա, բացի այդ, բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իսկ ԱԺ կայքում ներկայացված փաստաթղթի եզրակացության հատվածում նշվում է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի տեղ բավարար մարդկային ռեսուրս չունենք, ինչը կրթության ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով է. կառավարման փորձագետ
- Կոնկրետ ժամկետներ չկան. Վահրամ Դումանյանը՝ բուհերը Աշտարակ տեղափոխելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան