Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին տեղեկացրել է Թուրքիայի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ սպառնալիքների մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Proto Thema թերթը, որը հրապարակել է Դենդիասի համապատասխան ուղերձները եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Սեպտեմբերի 5-ով թվագրված նամակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն որակվել են «չհրահրված, անընդունելի և վիրավորական Հունաստանի և հույն ժողովրդի համար»:
«Դրանց ակնհայտ սպառնալից բնույթն ու տոնայնությունն ավելի քան տեսանելի են»,-ասել է Դենդիասը և հավելել. «Թուրքիայի հռետորաբանությունը «ուղեկցվում է Էգեյան և հարավ-արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի ազգային ինքնիշխանության խախտումների աճով»:
«Իրականում Թուրքիան վերջին տարիներին կառուցում է ռեվիզիոնիստական օրակարգ՝ քարոզչական մարտավարությամբ, որը կասկածի տակ է դնում պայմանագրերով սահմանված տարածաշրջանային ստատուս քվոն՝ դրանով իսկ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,-ասվում է ուղերձում։ Դենդիասը նաև հիշեցրել է, որ հենց Էրդողանը մի քանի ամիս առաջ որոշեց խզել Հունաստանի հետ ամենաբարձր մակարդակով հաղորդակցության բոլոր ուղիները։
«Մեր երկիրը հանդես է գալիս երկխոսության օգտին՝ որպես վեճերի լուծման միջոց, հատկապես հարևան երկրի հետ, որը, ինչպես գիտեք, դեռևս casus belli(պատերազմի համար առիթ) է պահում մեր երկրի դեմ»,-ընդգծել է Հունաստանի արտգործնախարարը։
«Թուրքիայի պահվածքը Հունաստանի նկատմամբ պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, և ՆԱՏՕ-ն չպետք է բացառություն լինի: Դա չանելով կամ թերագնահատելով իրավիճակի լրջությունը, մենք վտանգվում ենք տեսնել, որ նման իրավիճակ կստեղծվի Հին աշխարհի մեկ այլ հատվածում, մի բան, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանա»,-ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:
Սեպտեմբերի 6-ին Հունաստանի ԱԳՆ-ն նաև ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը ստորագրել է ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ Մարիա Թեոֆիլին։
«Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը բախվում է Թուրքիայի թշնամական պահվածքին թե՛ հռետորաբանությամբ, թե՛ գործով, ինչը դժվար թե հնարավոր լինի տեսնել երկկողմանի հարաբերությունների որևէ այլ դեպքում: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավունքի և խաղաղություն պաշտպանի»,-ասված է ուղերձի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ վիճարկելի չէ
- Էրդողանը զգուշացրել է «ցանկացած պահի» Հունաստանին հնարավոր հարված հասցնելու մասին
- Թուրքիան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն է ակնկալում Էգեյան ծովում Հունաստանի գործողությունների մասով
- ԱՄՆ-ն Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում
- Հունաստանը ձգտում է հակամարտություն ստեղծել Թուրքիայի և Արևմուտքի միջև.Թուրքական ԶԼՄ-ներ
- Շուրջ 40 միգրանտ արգելափակվել են Թուրքիայի և Հունաստանի միջև գտնվող կղզում, մեկ երեխա մահացել է
- Հունաստանը կպահանջի իրեն հանել գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՀ ծրագրից
- Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է