«Հրապարակ». Հետախուզումը հանվել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը հանվել է, և նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր։
Հիշեցնենք․ նրա նկատմամբ դեռևս 2020-ին քրեական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտեն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը և մեկնել որևէ եվրոպական երկիր։ Եվ հիմա, ասում են, հետախուզումը հանվել է։ Օրերս էլ Մինասյանը կնոջ և երեխաների հետ Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Մոսկվայի Մեծ թատրոնի բակից։
Դատախազությունը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հետախուզումը Մինասյանի նկատմամբ չի դադարեցվել։ Այսինքն՝ հետախուզումը Հայաստանում չի հանվել, բայց այլևս Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չէ։ Նշանակում է՝ Հայաստան գալու դեպքում նա կձերբակալվի, սակայն կարող է աշխարհով մեկ շրջել:
Եվ, մեր տեղեկություններով, նա արդեն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտոնապես հայտարարեն: Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ ՀՀ իշխանությունը նաև «փրկագին» է ստացել Միքայել Մինասյանից` այս քայլի դիմաց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա