«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». Հնադարյան բարձրարժեք նմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանում
Այսօր Հայաստանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություններից մեկն է տեղի ունենալու. Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահը՝ միաժամանակ տալով Հայաստանի պատմության թանգարանում մշտական ցուցադրության վերաբացման մեկնարկը։ Նախքան ցուցադրության բացումը կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
«Բավականին երկար ժամանակ թանգարանում իրականացվում էին որոշակի վերանորոգման աշխատանքներ՝ պետական աջակցությամբ նոր օդափոխության համակարգեր էին անցկացվում, ընդհանրապես թանգարանի արդիականացման հետ կապված աշխատանքներ կատարվում։ Այս ընթացքում թանգարանը որոշակի գործունեություն իրականացրել է՝ ժամանակավոր ցուցահանդեսներ են բացվել, կրթական ծրագրեր են կազմակերպվել, սակայն մշտական ցուցադրության բացումն ամենասպանված էր հանրության կողմից»,- ասաց Դ.Պողոսյանը։
Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում 500-300 հազար տարի առաջվա ձեռքի հատիչ, Ք.ա․ 6-րդ հազ. թվագրվող քարե կացին, Ք.ա․ 5-րդ հազ. փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի, որը լայնորեն կիրառվել է նախնադարյան մարդու կողմից՝ հատկապես թաղման ծեսում։
Ցուցահանդեսին կներկայացվի նաև 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում։
«Այս ցուցասրահը հետաքրքիր նորություն է լինելու նախկին ցուցադրությունների համեմատ։ Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, ինչպես նաև նոր ցուցադրական կահույքով, մի փոքր նոր մոտեցմամբ է ներկայացված։ Հուսով ենք՝ մեր այցելուներին դուր կգա, նրանք կվայելեն»,- նշեց Պատմության թանգարանի տնօրենը։
Նա հայտնեց, որ 2008 թ. Արենի-1 քարայրից գտնված և թանգարանում պահվող հնագույն կաշվե ոտնամանի պահպանության համար 2021 թվականին հատուկ դրամաշնորհով, նաև նախարարության տրամադրած միջոցներով, պատրաստվել է հատուկ ցուցապահարան, որն արդեն ցուցասրահում է։
«Երկար ժամանակ ոտնամանի պահպանությունը մտահոգում էր մեզ»,- ասաց Դ.Պողոսյանը։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ասաց, որ այն կենսատարածքը, որտեղ ապրել և ձևավորվել է մեր ժողովուրդը, որի մի մասն է կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, համաշխարհային մշակույթի մեջ ունի ահռելի ներդրում, ինչը նաև ցույց է տալիս իրենց վերջին տարիների պեղումները։
«Դրանք ոչ միայն ընդգծում են այս տարածքի կարևորությունը, այն ներդրումները, որոնք ունեցել ենք համաշխարհային քաղաքակրթության մեջ, այլ նաև փոխում են այսօրվա գիտական պատկերացումներն այս կամ այն խնդրի մասին։
Վերջին տարիների մեր պեղումները ցույց են տալիս, որ հայկական լեռնաշխարհն ու Հայաստանը Աֆրիկայից դուրս մարդու երկրորդ բնօրանն է»,- ասաց հնագետը։
Նրա գնահատմամբ, Արենի-1-ից գտնված ոտնամանն իսկապես Քարաշամբի գավաթի և մի քանի այլ գտածոների նման ունի համաշխարհային նշանակություն։
«Մենք իսկապես հպարտանալու բաներ ունենք մեր երկրում գտնված։ Հուսով ենք՝ նմանատիպ ցուցադրությունները շարունակական կլինենք, քանի որ մի շարք նոր ցուցանմուշներ են ներկայացված, կփորձենք այնպես անել, որ լայն հանրությանը հասնելի լինեն»,- ասաց Բ.Գասպարյանը։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանն ասաց, որ համագործակցում են մի շարք թանգարանների հետ, թերևս Պատմության թանգարանի հետ իրենց համագործակցությունը բացառիկ է այն առումով, որ իրենց շատ գիտաշխատողներ թանգարանի աշխատակիցներ են, ինչը նրանց հնարավորություն է տալիս իրենց գիտական պրպտումները, նվաճումները նաև փորձարկելու թանգարանային ոլորտում, ստեղծելու այն կապը, որն անհրաժեշտ է և գիտության զարգացման, և զբոսաշրջության, թանգարանային ոլորտի զարգացման համար։
«Այս ցուցադրությունը դրա վառ ապացույցն է։ Այս մշակութային իրադարաձությունը կարևոր է ոչ միայն թանգարանի, ԳԱԱ համար, այլև իր արժանի տեղն ունի Հայաստանի մշակութային կյանքում»,- վստահ է Տորք Դալալյանը։
Ասուլիսին ներկա կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ մշտական ցուցադրության վերաբացումն իրենց համար միշտ եղել է շատ կարևոր թեմա, անընդհատ քննարկում էին՝ ոնց կարող են էլ ավելի մոտեցնել այդ օրը։
«Իրականում շատ մեծ աշխատանք է կատարվել այս ընթացքում։ Թանգարանի տարածքը բավականին մեծ է, շատ բաներ արդիակացաման կարիք ունեն, բայց պետական բյուջեի հաշվին մենք կարողացանք առնվազն լուծել օդափոխման համակարգի հարցը, որն արդեն կապահովի ճիշտ խոնավության աստիճան, ինչը կարևոր է ցուցանմուշների համար։
Այդ նախաձեռնության համար պետական բյուջեից ծախսվել է մոտավորապես 400 միլիոն դրամ։
Մենք կարողացել ենք թանգարանին աջակացել գնելու հնագույն ոտնամանի պահպանման համար արդիական սարք։ Պետական բյուջեից մոտ 10 միլիոն դրամ է ծախսվել»,- ասաց փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան