«Սիլ Մաազա»-ն սպառողներին աղբյուրի ջրի փոխարեն քլորացված ջուր է վաճառել ու տուգանվել 4 մլն դրամով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ավելի քան 4 մլն դրամով տուգանել է «Սիլ Մաազա» ընկերությանը։ Որոշումը կայացվել է ամռանը՝ հուլիսի 29-ին, հրապարակվել է օրեր առաջ։
Հանձաժողովը վարույթի շրջանակում կատարած ուսումնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ այս ընկերությունը «բնական աղբյուրի խմելու ջուր» և խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուրն իրացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցությունն է, ինչն օրենքի խախտում է։
Հանձնաժողովը գտել է, որ սպառողները ձեռք բերելով ընկերության արտադրած «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով ապրանքները՝ կարող են կարծել, թե ձեռք են բերում «բնական խմելու ջուր» և «աղբյուրի ջուր», մինչդեռ շշալցված ջուրը ջրամատակարարման կենտրոնացված ցանցի միջոցով բնակչությանը մատակարարվող մշակած (քլորացված) ջուրն է։ Այն ընկերությունը ներկայացրել է որպես «բնական խմելու ջուր» և «աղբյուրի ջուր»։
«Ուշադրության է արժանի այն հանագամանքը, որ ընկերությունն ընդունել է վարույթի շրջանակներում իրեն վերագրվող իրավախախտման փաստը»,-ասված է որոշման մեջ։
ՄՊՀ-ից մանրամասնում են, որ շշալցված ջրի պիտակին «աղբյուրի ջուր» մակնշումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ տվյալ ջուրն ունի աղբյուրի ծագում, փաթեթավորվում է առանց մշակման կամ դրա մշակման համար օգտագործվում են միայն Տեխնիկական կանոնակարգով թույլատրված եղանակներ։
«Աղբյուրի ջուր» մակնշման դեպքում շշալցման համար նախատեսված խմելու ջրի մշակման համար արգելվում է քլորի պատրաստուկների կիրառումը։
«Բնական խմելու ջուր» մակնշումը թույլատրելի է, երբ միաժամանակ ջուրը ստացվել է մակերևութային ջրերից կամ ստորգետնյա ջրատար հորիզոններից ու բնական հանքային ջուր չէ, սկզբնական վիճակով համապատասխանում է Տեխնիկական կանոնակարգին ու պահպանում է իր հաստատուն կազմը։
Բացի տուգանքից հանձնաժողովը պահանջել է մինչև հոկտեմբերի 29-ը շտկել խախտումը, այսինքն դադարեցնել «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուրն իրացնելը, այդ թվում այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։
Հետագա հրապարակումներում Panorama.am-ը կանդրադառնա նման խախտում թույլ տված մյուս ընկերություններին։