Թանգարանների գնային քաղաքականությունը կարող է վերանայվել. ԿԳՄՍ փոխնախարար
«ԿԳՄՍ նախարարությունը թանգարաններում էլեկրոտրանային տոմսային համակարգերի համար հայտարարել է մրցույթ, որն այժմ ընթանում է։ Հույս ունենք կկարողանանք ունենալ միասնական համակարգ, որը կտա բազմաթիվ առավելություններ այցելուներին, ժամանակին համահունչ կքայլենք»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Նրա խոսքով, մրցույթը կտևի առնվազն 4 ամիս, այնուհետև հաղթող կազմակերպությանը կտրվի ժամկետ սարքավորումներ ձեռք բերելու համար։
«Նախատեսում ենք հաջորդ գարնանը գործընթացը սկսել։ Այսինքն՝ մյուս տուրիստական սեզոնի սկզբում արդեն կահավորված կլինեն մեր թանգարանները»,- ասաց փոխնախարարը։
Ա.Քոչարյանը նշեց, որ գնային քաղաքականությունը ևս կարող է վերանայվել, չնայած բացառում է մեծ տատանումները՝ հաշվի առնելով մեր տնտեսությունը, գները մնան դրան համահունչ։
Անդրադառնալով խնդրին, որ թանգարանային շատ ցուցանմուշներ վերականգնման կարիք ունեն, մինչդեռ Հայաստանում այնքան էլ շատ չեն վերականգնողները, Ա.Քոչարյանն ասաց, որ ունեն շատ լավ մասնագետներ, սակայն աշխատանքի գրավչությունը բարձրացնելու խնդիր կա։
«Վերականգնողների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ։ Պետք է ուղղություններ գտնենք՝ մարդկանց ավելի լավ վճարելու համար»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ ժառանգության պահպանության ոլորտում ամենաքննարկվող հարցերից մեկն է։
«Նախարարության մակարդակով բազմաթիվ քննարկումներ կան, ընթանում են դրան։ Պահպանության ոլորտում մասնագիտական կարևոր հարցեր ունենք լուծելու։ Մեզ հասած պատմամշակութային ժառանգությունը շատ հարուստ է, պետք է կարողանանք լավ ռեսուրսներ դնել և ֆինանսավորման առումով, և մասնագիտական հմտությունների ձեռքբերման։ Այս բոլորը կապ ունեն նաև մասնագիտական կրթության հետ»,- ասաց Դ.Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան