ԻԿՕՄ-ի վեհաժողովն ընդունել է «թանգարան»-ի նոր սահմանում
Օրերս Պրահայում տեղի է ունեցել Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ գլխավոր վեհաժողովը, որին մասնակցել են աշխարհի 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչներ: Իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի պատվիրակությունը։
Ասուլիսում ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանն ասաց, որ մեկ շաբաթ թանգարանային տարբեր ոլորտի մասնագետներ տարբեր հարթակներում հնարավոր ու անհնար բոլոր բանավեճերով փորձում էին նոր մարտահրավերների և թանգարանների առջև ծառացած նոր խնդրների լուծումներ առաջարկել։
«Մեր պատվիրակությունն ևս այս տարի մասնակցեց այդ աշխատանքներին։ Այս տարի մեծ թվով մասնակիցներ ունեինք մեր երկրի տարբեր թանգարաններից, շուրջ 16-17 հոգի»,- նշեց նա։
ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ, Հայաստանի պատմության թանգարանի ներկայացուցիչ Արուսյակ Ղազարյանն ասաց, որ ԻԿՕՄ-ում շուրջ 30-ից ավելի թեմատիկ կոմիտեներ կան, վեհաժողովների ընթացքում կարևոր և արդյունավետ է կոմիտեներում տարբեր թեմատիկ քննարկումները։
«Մեզ հաջողվել է առնվազն 4 միջազգային կոմիտեի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերել 2023-2024 թթ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել այդ միջազգային կոմիտեների տարեկան գիտաժողովները»,- հայտնեց նա՝ թվարկելով կոմիտեները՝ Գրական թանգարանների և կոմպոզիոտների թանգարանների միջազգային կոմիտե, Ցուցադրությունների փոխանակման միջազգային կոմիտե, Երաժշտական գործիքների և երաժշտական թանգարանների միջազգային կոմիտե և անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտե։
Հայկ Մկրտչյանը կարևորեց այն փաստը, որ գիտաժողովի ընթացքում ընդունվել է թանգարան եզրույցի նոր ձևակերպումը։
«Թերևս ամենակարևոր ձեռքբերումը առհասարակ թանգարան սահմանման եզրույթի ձևակերպումն էր, նոր ընկալումը, ինչ է իրենից ներկայացնում թանգարանը մեր ժամանակներում։ Կարծես արդեն 5 տարի աշխատանքային գործընթաց է տեղի ունենում նոր ձևակերպում տալու համար։ Վեհաժողովն ընդունեց թանգարան եզրույթի սահմանման նոր ձևակերպումը, որը պաշտոնապես արդեն գրանցվել է երեք լեզվով՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, քանի որ դրանք ԻԿՕՄ-ի պաշտոնական լեզուներն են։ Մեր կոմիտեն առաջիկայում հանդես կգա թանգարան նոր եզրույթի հայերեն թարգմանությամբ, որը կքննարկենք մեր անդամների շրջանում, կհամապատասխանեցնենք նաև մեր լեզվամտածողությանը»,- ասաց նա։
Նրա գնահատմամբ, սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այսօր տենդենց կա՝ ցանկացած ժամանցային վայր հիմնադրելով, կոչում են թանգարան, ինչն այդքան էլ այդպես չէ։
«Թանգարանը, որը բազմաշերտ ու բազմաֆունկցիոնալ կառույց է, կարևոր է լինի ճիշտ մոտեցում»,- ասաց Հ.Մկրտչանը։
Արուսյակ Ղազարյանն ասաց, որ թանգարան եզրույթի փոփոխության մեջ շեշտը դրված է թանգարան-համայնք կապի վրա, որ թանգարանները ոչ միայն կենտրոններ են, որոնք հավաքում են, պահպանում են, ուսումնասիրում են, հանրահռչակում են մշակութային արժեքները, նաև թանգարանը համայնքի հետ ակտիվ կապի վայր է դառնում։
Ասուլիսին ներկա ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Տաթև Սարոյանն ասաց, որ համավարակն ամբողջ աշխարհի թանգարանային այցելության վրա ազդեցություն է թողնել, սակայն այժմ այցելությունները կրկնապատկվել են։
«Այսօր թանգարանային այցելությունն ավելի երիտասարդացել է»,- նշեց նա։
Ըստ նրա, շատ կարևոր է ուսումնասիրել և առաջին հերթին աշխատել ներսի լսարանի համար։