«Ժողովուրդ». Գաղտնալսման գործը 1.5 տարի դոփում է տեղում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեկ օրից լրանում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին:
Դեռևս մեկ տարի առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն այժմ էլ շարունակվում է:
Այս գործով երեքն էլ որպես տուժող են ճանաչվել ու հարցաքննվել: Նկատենք, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության շրջանակներում (որը դեռևս շարունակվում է) տուժողները հարցաքննվել են 1.5 տարի առաջ, ինչը ենթադրել է տալիս, որ գործը 1.5 տարի տեղում դոփում է: Ըստ էության, 4 տարվա ընթացքում իրավապահներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել գաղտնալսման դեպքն ու պարզել, թե, ի վերջո, ով էր կազմակերպել, իրականացրել, այնուհետև հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց՝ 2020 թվականի հունիսի 10-ին, ՀՔԾ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ և սպասում են պատասխաններին, սակայն պատասխանները այդպես էլ չեկան:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին և խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Այլ ուժային կառույցներից էլ են «գործին խառնվել», բայց դարձյալ սայլը տեղից չի շարժվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա